19:40  ,  5 օգոստոսի, 2012

Արսեն Ջուլֆալակյանը շատ լավ է զգում, հոգնած չէ, ոչ մի վնասվածք եւ ցավ չունի. միացում Լոնդոնի հետ

«Արսենը հրաշալի մարզավիճակում է: Հիմա Արսենը սպասում է իր ելույթին, մենք՝ եւս: Բոլորս սպասում ենք ոսկե մեդալի»։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանցի Էմին Ահմադովին կիսաեզրափակիչում 5։0 հաշվով հաղթելուց հետո հայտարարեց Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը լոնդոնյան մարզապալատում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ օլիմպիական մրցագորգ դուրս բերեց 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին։

«Սա մեր հաղթանակն է, մեր ազգի հաղթանակը: Արսեն այս պահին իրեն շատ լավ է զգում, հոգնած չէ, ոչ մի վնասվածք եւ ցավ չունի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ազգին ուրախացնենք: Ադրբեջանցուն հաղթելը, երեք միավորանոց հնարքը արդեն հուշեց հաղթանակի մասին: Մենք սպասում էինք Արսենից այս հաղթանակը, ուղղակի ժամանակից շուտ չենք ուզում խոսել: Արսենը հրաշալի մարզավիճակում է: Հիմա Արսենը սպասում է իր ելույթին, մենք՝ եւս: Բոլորս սպասում ենք ոսկե մեդալին, միայն թե Աստծուց առաջ չընկնենք: Աստված մեզ հետ: Այստեղ չի թույլատրվում խոսել, բայց այնքան ուրախ ենք, որ այդ կանոններն էլ ենք խախտում: Մնացածը եզրափակիչից հետո»,- ասաց Սամվել Գեւորգյանը։

Եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովը։ Եզրափակիչը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22։48-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News