12:27  ,  22 օգոստոսի, 2026

Հակոբ Սերոբյանը՝ Խորվաթիայից. Ալբերտ Ազարյանից հետո առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն ունեցանք օղակներում

Անչափ կարեւոր ու սպասված հաղթանակ էր Արթուր Ավետիսյանից: Շատ էինք սպասում նրա ոսկե մեդալին: Այս հաջողություններում մեծ դեր ունեն մարզիչներ Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը: Անգնահատելի է նաեւ Արթուր Դավթյանի դերը թիմում՝ որպես թիմի ավագ: Հպարտ եմ իմ թիմով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը երկու գործիքների եզրափակիչներում 4 մասնակցով նվաճեց մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ մարզական կարիերայում նվաճեց Արթուր Ավետիսյանը, որն անգերազացնելի էր օղակների վարժությունում: Նժույգ թափեր վարժությունում փոխչեմպիոն դարձավ Համլետ Մանուկյանը, բրոնզե մեդալակիր՝ Մամիկոն Խաչատրյանը:

Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ Արթուր Ավետիսյանի չեմպիոնության կապակցությամբ: Սպասո՞ւմ էիք այս հաղթանակին:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իսկապես՝ մեծ նվաճում է մի երկրի համար միանգամից երեք մեդալ մեկ օրում: Շատ ուրախացրեց Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը օղակների վարժությունում: Ալբերտ Ազարյանի՝ 1955 թ. ԽՍՀՄ դրոշի ներքո տարած հաղթանակից հետո, այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել: Վահագն Դավթյանը երկու անգամ դարձել էր փոխչեմպիոն: 71 տարի անց առաջին անգամ չեմպիոն ունենք:

Անկեղծ կլինեմ՝ Արթուրը շատ է չարչարվել, ամեն անգամ շատ լավ է պատրաստվել, բայց միշտ 4-րդ տեղի արդյունք էր ցույց տալիս: Միայն անցած տարի բրոնզե մեդալակիր դարձավ: Ի վերջո, հասկացանք, թե գաղտնիքը որն է. մի օր նրան ասացի՝  եթե մեկ անգամ մեդալ նվաճես, թույլ կտամ՝ ամուսնանաս: Նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալը, ամուսնացավ եւ ստացվեց (ծիծաղում է): Ամուսնությունից հետո աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթեց, եկավ այստեղ էլ հաղթեց: Այնպես որ, գուցե Համլետին եւ Մամիկոնին էլ երիտասարդ տարիքում շուտ ամուսնացնենք (ծիծաղում է): Ամուսնությունն Արթուր Ավետիսյանին շատ օգնեց: Ապրեն մեր հարսները, որ այսքան օգնում են:

Ուրախ ենք շատ: Անչափ կարեւոր ու սպասված հաղթանակ էր Արթուր Ավետիսյանի համար: Շատ ուրախացանք: Շատ էինք սպասում նրա ոսկե մեդալին:

Օղակների վարժությունում 14.400 միավոր վաստակեց նաեւ երկրորդ տեղը գրաված Իլյա Զաիկան: Նույն գնահատականը չանհանգստացրե՞ց:

Արթուրը մարքության հաշվին հաղթեց: Նույն գնահատական էր, բայց մարքության գնահատականն Արթուրինն ավելի բարձր էր՝ 9 միավոր: Մենք դրանով հաղթեցինք: Արթուր Ավետիսյանը վարժությունը չէինք բարդացրել, նա ուղղակի շատ լավ կատարեց եւ արեց իր լավագույն կատարումը:

Ի՞նչն էր պակասում Ավետիսյանին այս տարիների ընթացքում: Ինչո՞ւ չէր ստացվում: Ի՞նչը փոխեցիք նրա մարզումներում:

Արթուրը հոգեբանական մեծ արգելք հաղթահարեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից հետո: Քանի տարի 4-րդ տեղ, չէր կարողանում հասնել մեդալներին: Վերջապես անցած տարի Գերմանիայում բրոնզե մեդալակիր դարձավ, շատ ուրախացանք: Այդ մեդալի շնորհիվ նա հավատաց իրեն: Բրոնզե մեդալով բաց թողեց ինչ-որ մի բան եւ հավատաց, որ կարող է հասնել նաեւ ոսկուն:

Սա սպորտ է եւ պետք է միայն ուժեղ լինելով հաղթել: Մեղադրել մրցավարներին, մրցավարությանը, ինչ-ինչ պատճառներ բերել չստացվելու համար, ամենասխալ բանն է: Աշխատեք, չարչարվեք եւ կստանաք այն, ինչ վաստակել եք, ինչին արժանացել եք ձեր աշխատանքով: Իմ տղաները գիտեն, որ պետք է աշխատեն եւ շատ, որպեսզի ունենանք այս արդյունքները եւ այսպես ուրախանանք: Այն ուրախությունը, որն ապրեցինք այստեղ եւ ապրում ենք թիմի հաղթանակներով, մեդալներով, լրիվ ուրիշ զգացողություն է: Ցանկացած մարզիչի, մարզիկի, երկրի, թիմի համար ամենամեծ պարգեւն է:

Ձեր գլխավորած թիմը մեկ օրում ամբողջական մեդալային հավաքածու նվաճեց: Գո՞հ եք արդյունքներից: Համլետ Մանուկյանն էլ շատ մոտ էր կրկնակի չեմպիոն հռչակվելուն: Ինչո՞վ իտալացին հաղթեց Համլետին:

Իրոք, ոսկե մեդալի սպասելիք ունեինք Համլետ Մանուկյանից եւ Մամիկոն Խաչատրյանից: Արեցին ամեն ինչ, ինչ կարող էին: Պատրաստ էին բոլորը, եւ շատ լավ արեցին: Համլետ Մանուկյանը դեռ 15.000 միավոր չէր ստացել, այստեղ վաստակեց: Դա շատ բարձր արդյունք է: Իտալացի մարմնամարզիկը բարդությամբ էր առավել: Պետք է մի քիչ շատ աշխատենք, վարժությունը բարդացնենք: Ես տղաներին ասել էի՝ արեք, ինչ կարողանում եք եւ այստեղ բոլորն արեցին իրենց առավելագույնը, լավագույնը, այն, ինչ կարողանում են:

Համլետը, Մամիկոնը շատ լավ կատարեցին իրենց վարժությունը: Նշեմ, որ Մամիկոնի ձեռքն այտուցված էր: Մրցելույթից առաջ նրան ասացի՝ քեզ հավատում եմ, մոռանում ես, ցավ չկա: Արեցին, շատ գոհ եմ: Շատ դժվար է այսպիսի խոշոր մրցաշարերում այսպիսի մրցակցության պայմաններում մոտենալ առաջինը եւ անել լավագույնը: Շատ ուրախ ենք. ստացվեց մեդալային հավաքածու: Աստծուց ավելին չենք ուզում: Վաստակեցինք այնքան, որքան աշխատել էինք: Հասանք առավելագույնին: Ագահությունը լավ բան չի: Բոլոր երկրները ձգտում են այսքան մեդալ նվաճել, բայց մեկ օրվա մեջ այսքան մեդալ ոչ մի երկիր չնվաճեց: 

Վահագն Դավթյանը 38 տարեկանում հրաշալի հանդես եկավ, բայց ինչ-որ բան խանգարեց մեդալային պայքարում լինելու համար: Ի՞նչն էր:

Վահագն Դավթյանը շատ լավ մասնակցեց: Ես հիանում եմ նրա աշխատասիրությամբ եւ կամքի ուժով: Այդ տարիքում այդքան կարողացավ անել: Շատ ուրախ եմ նրա համար:

Ես շատ ուրախ եմ, որ մենք այս արդյունքներն ունենք, հպարտ եմ իմ թիմով: Տղաներն այս տարիքում արդեն պրոֆեսիոնալ են: Չեն վախենում հույզերից, սառնասիրտ են մոտենում, հարձակվում են:

Այս հաջողություններում մեծ դեր ունեն մեր մարզիչները՝ Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը: Ես անչափ շնորհակալ եմ նրանց նվիրված աշխատանքի եւ այս արդյունքների համար: Մեր հաղթանակներում անգնահատելի է նաեւ Արթուր Դավթյանի դերը թիմում՝ որպես թիմի ավագ: Նա շատ է օգնում տղաներին, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պայքարել եւ ոչ մեկից չվախենալ, ով ուզում է լինի մրցակցությունում: Այդ հոգեբանությունն Արթուրը շատ լավ է կարողանում փոխանցել տղաներին, արդյունքը՝ մեդալներն են: Այս հաղթանակներում մեծ է նաեւ մեր ֆեդերացիայի դերը: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը եւ փոխնախագահն այս օրերին մեզ հետ Խորվաթիայում են, տղաների կողքին: Մեծ աջակցություն է դա բոլորիս համար:

Ամեն տարի տեսնում եմ ավելի լավ եւ ավելի կայուն թիմ, ինչն ինձ հպարտության զգացողություն է տալիս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News