10:05  ,  22 օգոստոսի, 2026

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանը՝ Խորվաթիայից. Շատ երկար սպասված մեդալ էր, երջանիկ եմ

Շատ երկար սպասված էր այս մեդալը, հաղթանակը: Շատ էի սպասում այս օրվան: Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ծնողներին, ընկերներին, բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս տարիների ընթացքում, հավատացել են ինձ: Այս հաղթանակը նվիրում եմ նրանց եւ ամբողջ հայ ազգին, որովհետեւ, երբ բարձրանում է դրոշը եւ հնչում է հիմնը, դա հայի, Հայաստանի հաղթանակն է:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

Զագրեբում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը փայլուն կատարմամբ մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվեց չեմպիոն: Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը վաստակեց 14.400 միավոր:

Արթուր, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ եւ տպավորություններ ունես այս պահին: Սպասո՞ւմ էիր, որ կհաղթես:  

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ-շատ երկար սպասված էր այս մեդալը եւ հաղթանակը: Տպավորություններիս մասին դժվարանում եմ խոսել, անչափ ուրախ եմ եւ երջանիկ, որ կարողացա վերջապես ոսկե մեդալակիր դառնալ: Շատ էի սպասում այս օրվան: Գիտեմ, որ Աստծո կամքով եղավ ամեն ինչ: Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ծնողներին, ընկերներին, բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս տարիների ընթացքում, հավատացել են ինձ:

Հավատո՞ւմ էիր, որ այս առաջնությունում կստացվի:

Հավատս եկավ անցած տարվա Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նվաճեցի բրոնզե մեդալ: Այդ մեդալից հետո ավելի շատ վստահություն եկավ եւ հավատ, որ մի օր կարող եմ նաեւ չեմպիոն դառնալ: Գիտեի եւ գիտակցում էի, որ այս կոչումին արժանանալու համար պետք է շատ ու երկար աշխատեմ:

14.400 միավոր վաստակեցիր, նույնքան նաեւ արծաթե մեդալակիրը: Ի՞նչ կասես մրցակցության մասին:

Մրցակցությունն իսկապես շատ մեծ էր: Այնպիսի գնահատակ էր, որ մեդալային էր, կանխազգում էի, որ այս արդյունքով մեդալակիր կդառնամ, բայց մինչեւ վերջին պահը չէի պատկերացնում, որ ոսկե մեդալ կլինի: Առաջինն էի մասնակցել եզրափակիչում եւ վաղ էր կանխատեսել, որ այդ արդյունքն առաջին կանեմ եւ դա կլինի ամենաբարձրը: Չէի պատկերացնում, որ առաջինը կլինեմ, քանի որ ինձանից հետո տիտղոսակիրներն էին մասնակցելու՝ Պետրունիասը, անգլիացի մարմնամարզիկները, որոնք շատ ուժեղ են այս գործիքի վրա: Բոլորն էլ տիտղոսակիր էին, վարժությունների բարդություններն՝ իմ վարժությունից բարձր: Մաքրությունն իր գործն արեց: Ընկեր Հակոբը մեզ միշտ ասում է, որ կարեւորը՝ մաքուր անենք մեր վարժությունը: Այստեղ հաղթեց մաքրությունը: Եթե վերջում դիմավորելիս էլ ոտքս չշարժեի, անգերազանցելի կլիներ արդյունքս:

Լարվածություն կա՞ր:

Միշտ լինում է լարվածություն, բոլոր մրցելույթներից առաջ: Խնդիրն այն է, թե ինչպես ես կարողանում կառավարել այն, որպեսզի չխանգարի քեզ: Այստեղ էլ լարվածություն ունեի, բայց որն անհամեմատ էր սպասելու լարվածության հետ: Առաջինը մոտեցել էի եւ արդեն սպասում էի մյուսների մասնակցությանն ու արդյունքներին, այդ ժամանակ ավելի լարված էի:

Ի՞նչ հույզեր ապրեցիր, երբ լուսատախտակին քո անունը կարդացիր ամենավերեւում:

Հպարտ էի ուղղակի եւ անչափ ուրախ... Ամեն տարի, ամեն անգամ միշտ մի բան պակասում էր, միշտ ինչ-որ բան չէր բավականացնում, չէր ստացվում: Այս տարի ստացվեց ու հպարտություն զգացի:

Գտե՞լ ես պատճառը, թե ինչու չէր ստացվում: Պարբերաբար 4-րդ տեղի արդյունք, միայն անցած տարի բրոնզե մեդալ: Ի՞նչը փոխեցիր քո մարզումներում եւ մոտեցումներում:

Սխալները միշտ իմ մեղքով են եղել, որ չի ստացվել, միայն իմ պատճառով է եղել: Անընդհատ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան պակաս է եղել, ինչ-որ բան այն չեմ արել, լավ չեմ դիմավորել, քայլ եմ արել: Եվ արդեն 2025 թ. բրոնզե մեդալը կոտրեց սառույցը:

Ո՞ւմ առաջինը զանգեցիր չեմպիոն հռչակվելուց հետո:

Ամենառաջինը տուն զանգեցի, ապա խոսեցի մեր մարզիչ ընկեր Սոսի հետ (Սոս Սարգսյան): Այս մեդալը, հաղթանակը մեծ են այնքանով, որ այն մեծ թիմի աշխատանքի արդյունք է: Հաղթանակս ուզում եմ նվիրել իմ հայ ազգին, բոլոր նրանց, ովքեր ինձ հավատում էին իմ կողքին էին այսքան ժամանակ, իմ մարզիչներին, ընտանիքիս, ընկերներիս:

Երբ դահլիճում հնչում է երկրիդ հիմնը եւ բարձրանում է եռագույնը, կարծում եմ՝ դա հայի, Հայաստանի հաղթանակն է, ամբողջ հայ ազգի հաղթանակն է ու նվաճումը:

Առաջին անգամ քո պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Ի՞նչ հույզեր ապրեցիր պատվո հարթակին:

Երեւի ամենաբարդն այն է, նկարագրել, թե ինչ ես ապրում, երբ հնչում է Հայաստանի հիմնը: Այդ պահին ուղղակի ուզում էի գլուխս բարձր լսել հիմնը: Սա ցանկացած մարզիկի ամենամեծ երազանքն է: Հաջորդ նպատակս կլինի արդեն աշխարհի առաջնության մեդալ նվաճելը:

Վերջերս նաեւ ընտանիք կազմեցիր: Հակոբ Սերոբյանը կատակում է, որ ամուսնությունը քեզ օգնել է: Ի՞նչ փոխվեց քո կյանքում ամուսնանալուց հետո:

Պարտավորվածությունս երեւի ավելացավ: Ընկեր Հակոբը շատ ճիշտ է նկատում. երբ ամուսնացա, ասես նոր դուռ բացվեց, բախստ բացվեց (ծիծաղում է), սպորտային բախտս բացվեց: Հարսանեկան արարողությունից հետո անմիջապես մասնակցեցի աշխարհի գավաթի փուլերին եւ նվաճեցի ոսկե մեդալներ, ապա Եվոպայի առաջնությունը: Իրականում այս ամենը տեղի է ունենում Աստծո կամքով: Իմ ուժն իմ կատարումները, իմ կյանքում ամեն ինչ թողնում եմ Աստծո հույսին: Երբեք չեմ հրաժարվել եւ հուսահատվել, որ չի ստացվել: 2019 թ. Ունիվերսիադայից հետո ինչ-որ բան պակասում էր, չէր ստացվում, բայց ես չէի կոտրվում ու հավատում էի, որ մի օր կստացվի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News