13:02  ,  6 հոկտեմբերի, 2017

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի մասին

Լեհաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ մեկնաբանել են աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը 6:1 հաշվով:

Յակուբ Բլաշչիկովսկի («Վոլֆսբուրգ»). «Հավաքականում խփած յուրաքանչյուր գոլ մեծ պատիվ է ինձ համար, սակայն գլխավորն այն է, որ մենք կարողացանք հաղթել: Ունեինք խաղի հստակ ծրագիր, որի կատարմանը ներգրավվեցինք առաջին վայրկյանից, ինչն ապահովեց դրական արդյունք: Հաղթեցինք ոչ ամենաուժեղ մրցակցի, սակայն առջեւում Չեռնոգորիայի հավաքականի դեմ կարեւոր հանդիպումն է»:

Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»). «Գիտեինք, որ որքան երկար պահպանվեր 0:0 հաշիվը, այնքան Հայաստանի թիմն ավելի շատ կսկսեր հավատալ հնարավոր հաղթանակին: Սակայն մեզ հաջողվեց հաշիվը բացել երկրորդ րոպեին: Չնայած բաց թողած գոլին՝ խաղի վերահսկումը չկորցրինք: Հայաստանի դեմ խաղն ինձ համար առաջինն էր ձախ պաշտպանի դիրքում: Ներդրեցի բոլոր ուժերս»:

Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»). «Քի՞չ աշխատանք ունեի այս խաղում. արդյոք խաղի վերջնամասում չեք նկատել իմ սեյվը: Մենք կատարեցինք առաջին քայլը, առջեւում Չեռնոգորիայի հավաքականի դեմ հանդիպումն է»:

Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»). «Ուրախ եմ, որ հավաքականում ռեկորդ սահմանեցի մինչեւ 30 տարեկան: Կշարունակեմ գոլեր խփել: Ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ կարողացանք լավ սկսել խաղը: Մենք հաղթեցինք բարդ խաղադաշտում: Հանդիպման հենց սկզբից ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել եւ խփել գոլեր: Երկրորդ խաղակեսի մեկնարկային 10 րոպեներին ինքներս էինք խնդիրներ ստեղծում մեզ համար, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Վերլուծել էինք նախորդ խաղերում թույլ տված սխալները եւ ենթադրություններ արել: Գիտեինք, թե ինչը պետք է լավացնել: Հայերն ունեցան մեկ պահ եւ գոլ խփեցին: Երբեմն պետք է կանխել նման պահերը», փոխանցում է sport.pl-ը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հեթ-տրիկ ձեւակերպեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 50 գոլով դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Վլոդզիմեժ Լյուբանսկուն, որը Լեհաստանի հավաքականում խփել է 48 գոլ:

Բացի այդ, Լեւանդովսկին 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում գոլերի քանակը հասցրեց 15-ի եւ սահմանեց ռեկորդ: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 15 գոլ խփել աշխարհի առաջնության եվրոպական գոտու մեկ ընտրական մրցաշարում:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով