21:49  ,  5 հոկտեմբերի, 2017

Լեւանդովսկու հեթ-տրիկն ու Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Նախավերջին՝ 9-րդ տուրում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 1:6 հաշվով խայտառակ պարտություն կրեց Լեհաստանի հավաքականից: Հեթ-տրիկ ձեւակերպեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 50 գոլով դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Լեհերը չափազանց վստահ սկսեցին խաղը եւ մեկ գոլային պահ կորցնելուց հետո խփեցին արագ գոլ: Հաշիվը երկրորդ րոպեին բացեց անգլիական «Հալ Սիթիի» կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկին: Սկզբնամասում Լեհաստանի հավաքականն ուներ մեծ առավելություն եւ վստահորեն վերահսկում էր գնդակը, իսկ դաշտի տերերը հազվադեպ էին մոտենում մրցակցի դարպասին: 18-րդ րոպեին հյուրերը կրկնապատկեցին հաշիվը: Ամեն բան սկսվեց Գոռ Մալաքյանի գնդակի կորուստից, ինչից հետո Հայաստանի թիմի դարպասի մոտ տուգանային հարված նշանակվեց վտանգավոր դիրքում: Հարվածն անթերի իրացրեց Ռոբերտ Լեւանդովսկին՝ 0:2: Քիչ անց հայ ֆուտբոլիստները որոշեցին դուբլի հեղինակ դառնալու հնարավորություն տալ Լեւանդովսկուն: 24-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասի մոտ նշանակվեց ազատ հարված, իսկ «Բավարիայի» ռմբարկուն սիրով ընդունեց նվերը: Ազատ հարված նշանակվեց այն բանից հետո, երբ «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, չգիտես ինչու, Տարոն Ոսկանյանի կատարած փոխանցումից հետո ձեռքով վերցրեց գնդակը: Լեւանդովսկին էլ չվրիպեց մահացու դիրքից՝ 0:3:

Հայաստանի հավաքականը խաղը սեփական կիսադաշտից հեռացրեց խաղակեսի վերջնամասում եւ կարողացավ նաեւ կրճատել հաշիվը: 39-րդ րոպեին մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում եւ թիմերն ընդմիջման գնացին 1:3 հաշվի ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում եւ հիմնականում զբաղված էր պաշտպանողական գործողություններով:

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը սկսեց ֆուտբոլ խաղալ եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում հավասարեցրել էր խաղը: Լեհերը փորձում էին ամեն կերպ գցել խաղի տեմպը, ինչը հաջողվեց անել խփած գոլով: 58-րդ րոպեին գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին, եզրում ստանալով գնդակը, առանց դժվարության տեղափոխվեց կենտրոն եւ կատարեց հարված, որից հետո «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը մանկական սխալ թույլ տվեց՝ 1:4: Րոպեներ անց հյուրերը խփեցին նաեւ 5-րդ գոլեը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին, որը 50-րդ գոլը խփեց Լեհաստանի հավաքականի կազմում: 

75-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարող էր կրճատել հաշիվը, սակայն փոխարինման դուրս եկած Էդգար Մալաքյանը կորցրեց իրական գոլային պահ: Խաղի վերջնամասում դաշտում հավասար պայքար էր ընթանում, բայց գոլ խփեցին միայն հյուրերը: 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռաֆալ Վոլսկին հաշիվը դարձրեց խայտառակ՝ 1:6:

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը նախկինում երբեք չէր հաղթել Երեւանում: Այս հաղթանակից հետո լեհերը վաստակեցին 22 միավոր եւ ապահովեցին իրենց տեղը նվազագույնը անցումային խաղերում: 2-3-րդ տեղերը բաժանող Դանիան ու Չեռնոգորիան հավաքել են 16-ական միավոր եւ այս տուրում կհանդիպեն իրար: Հայաստանի թիմն ունի 6 միավոր:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր

E խումբ

Հայաստան - Լեհաստան՝ 1:6

Հովհաննես Համբարձումյան, 39 – Կամիլ Գրոսիցկի, 2, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, 25, 64, Յակուբ Բլաշչիկովսկի, 58, Ռաֆալ Վոլսկի, 89

Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան (Դավիթ Մանոյան, 73), Գեղամ Կադիմյան (Էդգար Մալաքյան, 62), Ռուսլան Կորյան (Էդգար Մանուչարյան, 66), Տիգրան Բարսեղյան:

Լեհաստան. Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դրոտմունդ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Միխալ Պոզդան («Լեգիա», Տիագո Ցիոնեկ, 85), Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), Գժեգոժ Կրիխովյակ («Վեստ Բրոմվիչ»), Կարոլ Լինետի («Սամպդորիա», Կրիշտոֆ Մացինսկի, 59), Յակուբ Բլաշչիկովսկի («Վոլֆսբուրգ»), Կամիլ Գրոսիցկի («Հալ Սիթի», Ռաֆալ Վոլսկի, 72), Պյոտր Զելինսկի («Նապոլի»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս