20:04  ,  24 ապրիլի, 2024

Հակոբ Սերոբյան․ Լարված սպասում ենք Արթուր Դավթյանի վերջնարդյունքին (տեսանյութ)

Հայ մարմնամարզիկներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, բայց արդյունքները դեռ հայտնի չեն:

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: մրցավարները գնահատեցին 13.733 միավոր: Վերջնարդյունքում Արթուր Դավթյանն իր խմբում երկրորդ տեղի արդյունք ցույց տվեց:

«Աշխարհի գավաթից հետո բոլորս կարծես մի փոքր թուլացած լինենք, քանի որ մեր գերխնդիրն իրականացրեցինք եւ եկանք Եվրոպայի առաջնության:

Ես այսօրվա արդյունքներից գոհ չեմ, բայց դժգոհ էլ չեմ: Գագիկ Խաչիկյանը կատարեց իր աշխատանքը, լավ հանդես եկավ, վստահ եմ, որ եզրափակիչում կլինի: Արթուր Ավետիսյանը նույնպես լավ հանդես եկավ, եզրափակիչ դուրս կգա:

Ամենավատն այս պահին Արթուր Դավթյանի արդյունքն է: Լարվածություն կա նրա արդյունքի հետ կապված: Սպասում ենք, որ նա եզրափակիչ անցնի, գնահատականը մի քիչ կասկածելի է: Առաջին ցատկը գերազանց էր: Երկրորդ ցատկը մի փոքր չստացվեց: Դավթյանը նույնիսկ շուտ կողմնորոշվեց եւ օդում փոխեց ցատկը: Պետք է սպասենք, մասնակիցները շատ են: Լարված սպասելու ենք վերջնարդյունքին:

Տեխնիկական խոտանն էլ նաեւ խանգարեց: Հենց նրա ցատկից առաջ պետք է կանգներ, նա էլ պետք է շատ սպասեր: Միտումնավորություն գուցե կար, բայց Արթուրը փորձառու մարմնամարզիկ է եւ դժվար՝ նրան ինչ-որ բան ճնշի հոգեբանորեն: Չմտածենք, թե միտումնավոր է: Արթուրը պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է: Ուղղակի ափսոս է, որ հանկարծ եզրափակիչ չանցնի: Սպասում եմ։ Ուրախ կլինեմ, որ դուրս գա: Շատ-շատ լարված ենք»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օրեր առաջ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վահագն Դավթյանը ուսի վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով