20:24  ,  24 ապրիլի, 2024

Հարություն Մերդինյանը կավարտի կարիերան․ ԵԱ-ն նրա վերջին մրցումն է

Հարություն Մերդինյանն այստեղ իր վերջին մրցաշարն է անցկացնում: Նա կավարտի իր մարզական կարիերան: Քննարկել եւ պայմանավորվել ենք, որ այս Եվրոպայի առաջնությունը նրա վերջին մրցելույթն է:

Այս մասին Ռիմինիում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Հարություն Մերդինյանը նժույգ թափերի որակավորման փուլում վաստակեց 13.900 միավոր:

«Եվրոպայի առաջնությունը Հարություն Մերդինյանի վերջին մրցաշարն է պրոֆեսիոնալ կարիերայում: Նա արդեն տարիքով է, վնասվածքները շատ են, նրա փորձը մեզ պետք է թիմում: Այսօր երեւի վերջին մրցաշարին մասնակցեց, քանի որ միավորները ցածր էր եւ որակավորման փուլը դժվար՝ հաղթահարի»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

39-ամյա Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բազմակի ոսկե մեդալակիր: Մասնակցել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերին: Հայաստանի հավաքականի ավագն է:

Հայաստանի թիմը սպասում է որակավորման փուլի արդյունքներին: Այժմ ընթանում է վերջին խմբի որակավորումը, որից հետո պարզ կլինի, թե քանի մարմնամարզիկ է դուրս եկել եզրափակից:

Օղակների վարժությունում Արթուր Դավթյանը վաստակեց 14.633 միավոր:

Օրեր առաջ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր (օղակների վարժություն) նվաճած Վահագն Դավթյանը ուսի վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով