23:52  ,  11 նոյեմբերի, 2016

Արթուր Պետրոսյան. Սա հայի թասիբ էր

Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշած Արթուր Պետրոսյանը հետխաղյա ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Չեռնոգորիայի հավաքականն առաջին խաղակեսից հետո ուներ 2 գոլի առավելություն, բայց պարտվեց 2:3 հաշվով:

Շնորհավորում ենք Ձեզ առաջին հաղթանակի առթիվ: 0:2 հաշվի ժամանակ ի՞նչ էիք մտածում:

Ես հավատում էի, նույն էլ՝ տղաները: Առաջին խաղակեսից հետո նրանք գլխիկոր վերադարձան հանդերձարան, բայց մենք ասացինք, որ ոչինչ կորած չէ եւ պետք է հավատանք հաջողությանը: Փառք տղաներին, որ ամեն ինչ արեցին, որ ուրախություն պարգեւեն մեր ժողովրդին:

Ըստ Ձեզ՝ հավաքականը վերադարձա՞վ ընտրական փուլի մրցապայքար:

Մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ժողովուրդ ենք: Իմ առաջին ասուլիսում ինձ հարցրեցին, թե որ դեպքում հրաժարական կտամ, իսկ այսօր խոսում ենք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մասին: Իահրկե, պետք է համեստ մնալ եւ քայլ առ քայլ առաջ գնալ: Ես դա կրկնում եմ առաջին օրվանից: 

Ընդմիջմանն ի՞նչ ասացիք տղաներին:

Հանդերձարանում շատ հանգիստ մթնոլորտ էր, տղաներին բացատրեցինք, թե ինչը կարելի է ուղղել: Ոչ մի աղմուկ ու գոռացող մարզիչ չկար: Որոշ տակտիկական ուղղումներ արեցինք, բայց տեսաք, որ գոլերը տակտիկական կազմակերպվածության հետ ոչ մի կապ չունեին: Ստացվում է, ֆուտբոլ է: Փառք ու պատիվ մեր տղաներին, նրանք հերոսություն արեցին այսօր: 

Կգնահատե՞ք խաղը:

Չհաշված 10 րոպեները, մյուս 80 րոպեներից գոհ եմ տղաների կատարած աշխատանքից: Մինչեւ 35-րդ րոպեին քիչ շանսեր տվեցինք մրցակցին: Կարծում եմ, որ այդ 0:2 հաշիվն ավելի ուժ տվեց մեզ, որպեսզի տղաներն ավելի անկաշկանդ հանդես գային երկրորդ խաղակեսում, քանի որ կորցնելու բան արդեն չկար: Կարծում եմ՝ հենց դա որոշիչ դեր ունեցավ, որովհետեւ 3 պարտություններից հետո բարոյահոգեբանական մթնոլորտը շատ լավ էր, բայց կաշկանդվածություն նկատվում էր:

Խաղից հետո ի՞նչ էր կատարվում թիմի հանդերձարանում:

Ես այդ պահին հանդերձարանում չէի եւ չգիտեմ: Այդ պահն ինձ համար շատ զգացմունքային էր եւ ցանկանում էի առանձին լինել: Բայց հետո մտա հանդերձարան եւ շնորհավորեցի մեր հերոսներին: Շատ ուրախ մթնոլորտ էր տիրում: 

Ինչպե՞ս հաջողեց կարճ ժամանակահատվածում կերպարանափոխել թիմի խաղը:

Ոչ թե ես արեցի, այ՝ մենք: Մեր մարզչական շտաբով ամեն բան արեցինք տղաներին լավ պատրաստելու համար: Երեկ մի քանի վերնագիր կարդացի, որ թիմը ժպտում է, մարզվում է հումորների ներքո: Փորձեցինք այդ թեթեւ մթնոլորտը բերել թիմ, որպեսզի նրանք այդ կաշկանդվածությունը չզգային: Սա թիմային աշխատանք է, սա Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէ: Նույնը կարող եմ ասել ձեր՝ լրագրողների մասին: Դուք եւս լավ մթնոլորտ ստեղծեցիք հավաքականի շուրջ, ինչի համար շնորհակալ եմ ձեզ: Ոչ միայն դուք, այլեւ շատ մարդիկ, այդ թվում՝ ֆեդերացիայի աշխատակիցներն ու նախագահն ամեն ինչ արեցին, որ մենք հաջողության հասնենք: Շնորհակալություն:  

Մխիթարյանի դիրքը փոխվեց խաղի ընթացքում, դա տակտիկակա՞ն քայլ էր:

Մարկոսը հոգնել էր, եւ Հենրիխին բերեցինք կենտրոն, որպեսզի նա ավելի շատ ազատություն ստանա եւ կարողանա կազմակերպել մեր գրոհները: Ձախ կիսապաշտպանի դիրքում Մխիթարյանը նաեւ շատ պաշտպանողական աշխատանք կատարեց: 

Հնարավո՞ր է, որ հաջորդ խաղից առաջ Արթուր Ալեքսյանյանի պես այլ հայտնի մարզիկ հյուրընկալվի թիմին: Օրինակ՝ Արթուր Աբրահամը:

Ամեն բան հնարավոր է:

Գուցե այս հաղթանակը գյումրեցու թասի՞բ էր:

Ոչ, սա հայի թասիբ էր: Չեռնոգորիան բոլոր ուղիները փակել էր դեպի դարպասը, բայց մենք հաջողության հասանք:

Որոշ դվագներում Արսեն Բեգլարյանը ռիսկի էր դիմում: Հավաքականում այդ ռիսկն արդարացվա՞ծ է:

Դարպասապահի համար նա շատ երիտասարդ տարիքում է: Կարծում եմ՝ դա փորձի պակաս է: Նրա հետ կզրուցենք: Դա փորձի պակասն է, որը կլրացվի:

Հավաքականում հաջորդ քայլերը որո՞նք են լինելու: Ո՞ր դիրքերն են բարելավվելու:

Կարելի է ասել, որ բոլոր դիրքերն էլ պետք է բարելավվեն: Տեսաք, որ երկրորդ խաղակեսում կերպարանափոխվեցինք: Մեծ աշխատանք ունենք կատարելու: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել:

Արտակ Գրիգորյանի մասին ի՞նչ կասեք:

Եթե նույնիսկ Արտակը սխալներ է թույլ տալիս, նա իր աշխատանքով փակում է ամեն բան: Գոլի դրվագում նա ամեն ինչ հիանալի արեց:

Մինչեւ այս լրագրողների հետ լարված հարաբերություններ կային: Չե՞ք կարծում, որ լրագրողների հետ պետք է մեկ բռունց լինել:

Մենք ձեր կարիքն ունենք, եւ դուք էլ եք օգնել ստեղծել լավ մթնոլորտ: Ես պատրաստ եմ աշխատանքի: Քննադատությունն ընդունելի է ինձ համար:

Մխիթարյանի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

Մի քիչ զգացվեց խաղային պրակտիկայի բացակայությունը: Սակայն, եթե Հենրիխը խաղադաշտում է, դա արդեն ուժ է տալիս մեզ: Նա շատ կարեւոր է մեր թիմի համար:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով