16:21  ,  30 օգոստոսի, 2014

ՀԱՕԿ նախագահ. Մեր սպորտը հզորանում է, հաղթանակներն անսպառ են լինելու

Հիմքը դրված է 2016թ. Օլիմպիական խաղերի համար: Տարին տարվա վրա մեր սպորտը հզորանում է, հաղթանակներն անսպառ են լինելու:

Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱՕԿ նապագահ Գագիկ Ծառուկյանը, ով հարյուրավոր մարզասերների հետ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությանը:

«Հայ ազգը տաղանդավոր է, միայն պայման ու հնարավորություն է պետք ստեղծել: Ուզում է գյուղացի լինի, թե քաղաքացի, բժիշկ, թե զինվորական՝ հնարավորության դեպքում, նա միշտ հաղթող է դուրս գալիս: Այդ պատճառով ես այժմ մարզադպրոցներ եմ բացում: Բոլոր գյուղերում պիտի դպրոցներ լինեն, որ երեխաները մարզվեն, ընտրություն ունենանք: Մենք այսօր ազգովի ուրախանում ենք, որ մեր մարզիկները կարողացան ազգին հաղթանակի բերկրանք պարգեւել ու ոտքի կանգնեցնել, քանի որ հնչում է մեր հիմնը: Ու մենք այսօր ազգովի այստեղ ենք եկել՝ շնորհակալություն ասելու մեր մարզիկներին ու մարզիչներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Նանջինգում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների արժանացան ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ) դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եւ ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը Սլովենիայի հետ կիսեց 29-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով