17:12  +04,  24 փետրվարի, 2018

Փաշիկ Ալավերդյան. 20-22 կետ պետք է պատշաճ կատարենք, որպեսզի հավաքականների որակազրկումը չերկարաձգվի եւս 2 տարով

Հունիսի 19-ին ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման ժամկետը կավարտվի: Իսկ եթե մինչ այդ մենք խախտենք պայմանագրի կետերից որեւէ մեկը, մեզ եւս երկու տարով կորակազրկեն: Այս պայմանով է լինելու մեր որակազրկման ավարտը: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, թիմը կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը, բայց ցավոք, բաց կթողնենք Եվրոպայի առաջնությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Այս օրերին անցկացվում էին տղամարդկանց եւ կանանց ծանրամարտի Հայաստանի առաջնությունները:

Պարոն Ալավերդյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը:

Այս տարվա առաջնությունն ինձ շատ ուրախացրեց մասնակիցների մեծ քանակով: Նախ մեծ աճ գրանցվեց կանանց պայքարում: Տարվա սկզբից ես նախատեսել էի, որ առաջնությանը կմասնակցեն 20-25 աղջիկ, բայց մասնակիցների քանակը հասավ 38-ի: Տղաների առումով նույնպես բացառիկ քանակ գրանցվեց: Նախատեսվեծ 94 մարզիկների փոխարեն, այս առաջնությանը պայքարի դուրս եկավ շուրջ 160 ծանրորդ: Որեւէ մեկին չենք նեղացրել, բոլոր ցանկացողներն էլ փորձել են իրենց ուժերը Հայաստանի առաջնությունում, ստացել համապատասխան վճարներ: Մասնավորապես՝ Եվրոպայի առաջնություն չկա, ֆինանսական դժվարություններ չունենք:

Ինչպիսի՞ փոխարինող սերունդ ունենք, ինչպիսի՞ համալրումներ են սպասվում հավաքականի կազմում Հայաստանի առաջնությունից հետո:

Դեռեւս չենք կարող ասել, թե այս քանակից ինչ որակ կարող ենք ստանալ: Ես պարբերաբար մեկնաբանում եմ, որ մարզիկները մշտապես չեն կարող իրենց որակները ցույց տալ: Մեծերի համար դեռ 7 ամիս ժամանակ կա մինչեւ միջազգային մրցումներ, 4 ամիս էլ՝ երիտասարդների ու պատանիների համար: Եթե հիմա այս բոլոր ծանրորդներն իրենց մարզավիճակի գագաթնակետին լինեին, ուրեմն մենք ոչինչ չէինք հասցնի անել մինչեւ պաշտոնական մրցումների մասնակցելու ժամանակաշրջանը: Բայց այն կիլոգրամները, որոնք բարձրացվեցին Հայաստանի առաջնությունում, ինձ գոհացնում են: Շուտով մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Կհետեւենք եւ կհամեմատենք Եվրոպայի առաջնության կիլոգրամներն ու մեր այսօրվա առաջնության կիլոգրամները: Վստահ մեր տղաներն ու աղջիկները իրենց այս կիլոգրամներով Եվրոպայի առաջնության 2-րդ, 3-րդ տեղի արդյունքներին կհամապատասխանեն: Մենք «հենց այնպես» մարզիկներ չունենք, բոլորն էլ ուժեղ տղերք են եւ պատրաստ պայքարի: Ասեմ ավելին՝ այս կազմով ես հանգիստ կարող էի գնալ Եվրոպայի առաջնության եւ մեդալներով վերադառնալ:

Համալրումներ արդեն կան: Մեծերի կազմում մինչեւ 16-17 տարեկան ծանրորդներ կան, ովքեր մեզ հետ կմասնակցեն հավաքների, ուժերը կփորձեն տարբեր միջազգային մրցաշարերում:

Փոխարինող սերունդ շատ ունենք: Շուտով թիմը մեկնելու է Կիեւ՝ ուսումնամարզական հավաքի: Թիմի կազմում կլինեն 16-17 ծանրորդ, որոնցից 10-ը պատանի եւ երիտասարդ են: Հայկական ծանրամարտում ինձ համար այսօր պատահականություններ չկան, չկա մի մարզիկ, ում մասին մոռանանք, ում չընդգրկենք հավաքների, մրցաշարերի, նրա հետ աշխատանք չտանենք:

Անդրանիկ Կարապետյանը Հայաստանի առաջնությունում 0 ստացավ: Ի՞նչն էր պատճառը:

Պատճառը նրա վնասվածքը չէ: Վերջերս չէի ասի, թե նա վատ է մարզվում, բայց կարծես գլուխ է պահում: Ի զարմանս ինձ եւ բոլոր մասնագետների, նա վատ հանդես եկավ Հայաստանի առաջնությունում: Ես նրանից դժգոհ եմ, նրա կատարած աշխատանքից եւ մարզումների արդյունքներից շատ դժգոհ եմ: Այստեղ վնասվածքը որեւէ կապ չունի: Եթե մարզիկը վնասվածքից մեկ տարի անց 194 կգ հրում է կատարում, այսօր 185 կգ-ից 0 է ստանում, կամ հրաժարվում է 3-րդ մոտեցումից, դա աններելի է: Պոկում վարժությունը լավ կատարեց, նորմալ էր, բայց 185 կգ-ի առաջին մոտեցումը գոնե պետք է կատարեր: Ես նրա հետ լուրջ խոսակցություն ունեմ: Դժգոհ եմ: Չի կարող վնասվածքը խանգարել: Գուցե մի սիրուն աղջիկ է ճարել, սիրահարվել, գուցե չի ուզում մարզվել: Կխոսենք, կհասկանանք: Անդրանիկ Կարապետյանը պատահական տղա չէ: Բայց ես մոտավորապես գիտեի արդեն, որ Հակոբ Մկրտչյանը պետք է հաղթի նրան այստեղ, այն էլ՝ մեծ արդյունքով: Եթե Եվրոպայի առաջնությանը մասնակցեինք, այս արդյունքով Հակոբ Մկրտչյանը ամենաքիչը արծաթե մեդալ կվերցներ, եթե ոչ ոսկի:

Եվրոպայի առաջնությունը բաց ենք թողնում որակազրկման պատճառով: Ե՞րբ է որակազրկման վերջնաժամկետը:

Հունիսի 19-ին ավարտվում է մեր որակազրկումը: Արդեն կան բոլոր փաստաթղթերը, որոնցում ընդգծված է 20-22 կետ, որոնք պետք պատշաճ կատարենք մինչեւ հունիսի 19-ը, հակառակ դեպքում մեր որակազրկումը կերկարաձգվի եւս 2 տարի: Ստացվեց, որ 10 ամիս որակազրկվեց մեծահասակների հավաքականը, 8 ամիս՝ երիտասարդներն ու պատանիները: Բացի այն, որ մեր որակազրկման ժամկետները կրճատվեցին, Հայաստանը նաեւ 50 հազար եվրո տուգանք մուծեց: Այս հարցում մեզ աջակցեց ՀԱՕԿ նախագահն: Այլապես մենք չէինք կարող մեր միջոցներով այդ գումարը վճարել: Մենք դեռեւս ֆեդերացիայի նախագահ չունենք: Նախագահի պարտականություններնը կատարում է սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բայց ամեն դեպքում փնտրում ենք մեկին, ով կցանկանա նախագել մեր ֆեդերացիան: Առայժմ մեզ աջակցում է Գագիկ Ծառուկյանը, բայց թե որքան կօգնի, պարզ չէ: Մարզիկները ստանում են թոշակներ, ֆինանսական խնդիրներ այս պահին չունենք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս