13:29  +04,  6 ապրիլի, 2018

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, նույնը հորդորել է Թուրքիային

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը եւ դիմել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի նրանք եւս հրաժարվեն մասնակցությունից: Բայց Թուրքիայի կիոկուշին կարատեի թիմերից մեկը ցանկություն է հայտնել մասնակցել եւ ապրիլի 6-ին կժամանի Հայաստան:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:

Ապրիլի 7-8-ը Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որը նվիրված է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

«Եվրոպայի առաջնությունը կանցկացվի պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների տարիքային խմբերում: Հայաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանի սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀԱՕԿ-ի աջակցությամբ:

Առաջնությանը մասնակցելու է 28 պետություններից շուրջ 700 մարզիկ: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների ներկայությամբ կանցակցվեն մրցումները:

Մեզ համար շատ ցանկալի էր այս խոշոր մրցաշարը հյուրընկալել Հայաստանում, քանի որ ավելի քան 1000 հյուր կունենանք, ինչը կնպաստի ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մարզաձեւի մասսայականացմանը, ինչպես նաեւ Հայաստանում նման մարզաձեւ ու ուժեղ մարզիկներ ունենալուն: Այս մրցաշարով մենք ցույց կտանք աշխարհին, որ կիոկուշին կարատեն զարգացած է նաեւ Հայաստանում, եւ որ հայ կարատեիստները մրցունակ են նաեւ միջազգային մրցասպարեզում:

Ճիշտ է՝ Թուրքիայի ազգային հավաքականը չի մասնակցի առաջնությանը, բայց կարատեսիտների մի թիմ ցանկություն է հայտնել մասնակցել, եւ այսօր նրանք կժամանեն Հայաստան»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը:

Նա նաեւ բացասական գնահատեց Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանի նախաձեռնած Երեւանի ֆեդերացիաների բացումը: Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ դեմ է Գոռ Վարդանյանի նախաձեռնությանը եւ հրաժարվել են եւս մեկ քաղաքային ֆեդերացիա հիմնելուց:

«Ես հանդիպել եմ Գոռ Վարդանյանի հետ: Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան նպատակահարմար չի գտել ստեղծել եւս մեկ կառույց մի կառույցի մեջ, որն արդեն վաղուց կա եւ գործում է: Մեր նկատմամբ եւ մեր գործունեության նկատմամբ ճիշտ չի դիտվում հանրապետական ֆեդերացիայից զատ բացել նաեւ Երեւանի ֆեդերացիա: Սա կմասնատի ֆեդերացիաները: Սա շատ բարդ իրավիճակ է եւ ոչ նորմալ. երբ մարզիչ ես հեռացնում, նա գնում է եւ իր ֆեդերացիան բացում: Այսպես, եթե այժմ ունենք 300 ֆեդերացիա, Գոռ Վարդանյանի առաջարկով կնշանակի ունենալ 600 ֆեդերացիա, իսկ արեւելյան մարտարվեստների շրջանում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ոլորտն էլ համակարգման կարիք ունի: Երեւանի ֆեդերացիա մենք չենք ունենա, չեմ ընդունում Գոռ Վարդանյանի առաջարկը, քանի որ սա ոչ թե դրական ազդեցություն կունենա արեւելյան մարտարվեստների զարգացմանը, այլ հակառակը՝ կպառակտի, մեծ խնդիրներ կստեղծի ոլորտում»,- մանրամասնեց Անդրանիկ Հակոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ