15:41  ,  23 հունիսի, 2014

Սյուզի Կենտիկյան. Աշխարհի առաջնության եզրափակիչում կխաղան Բրազիլիան ու Կոստա Ռիկան

Ֆուտբոլ շատ եմ սիրում: Հետեւում եմ աշխարհի առաջնության բոլոր խաղերին: Երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին: Կարծում եմ, որ Բրազիլիան էլ կդառնա աշխարհի չեմպիոն: Իսկ եզրափակիչում տեսնում եմ Բրազիլիային եւ Կոստա Ռիկային:  Ցավում եմ, որ Հայաստանը չի կարողացել հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը: Կարծում էի, Հայաստանի հավաքականը կկարողանար հասնել աշխարհի առաջնության հիմնական փուլ: Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, եւ ես կերկրպագեմ միայն Հայաստանի հավաքականին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը:

«Ֆուտբոլի երկրպագու եմ, սակայն էմոցիոնալ չեմ: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր էմոցիաներով են դիտում ֆուտբոլը, գոռում, թռչկոտում: Մտածում եմ` ինչ են մտածում այս մարդիկ, ինչու են գոռում ամեն գոլի ժամանակ: Ես էլ եմ ֆուտբոլի երկրպագու, բայց ես հանգիստ եմ նայում նույնիսկ իմ ամենասիրելի թիմերի խաղերը:

Աշխարհի առաջնությունում հանդիպում են ամենուժեղ թիմերը: Այստեղ չկա թույլ թիմ: Բոլոր հանդիպումներն էլ հետաքրքիր են, չկա ամենաուժեղ կամ թույլ խաղացող: Անկանխատեսելի է այս տարի յուրաքանչյուր խաղ: Կան թիմեր, որոնք շատ ուժեղ են, բայց թույլ խաղ են ցուցադրում, պարտվում: Այնպիսի պարտություններ են լինում, որ նույնիսկ չես էլ սպասում:

Ես երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին: Եզրափակիչում տեսնում եմ Բրազիլիային: Իսկ թե ում հետ, դա անկանխատեսելի է: Կարծում եմ Կոստա Ռիկան դուրս կգա եզրափակիչ  Բրազիլիայի հետ: Կոստա Ռիկան զարմանալի խաղ է ցուցադրում: Նաեւ շատ հավանում եմ Գերմանիայի հավաքականին: Նրանք էլ ուժեղ մրցակից են: Բայց չեմ կարծում, որ Գերմանիան կդառնա չեմպիոն: Գուցե, հասնի մինչեւ եզրափակիչ, բայց աշխարհի չեմպիոն,  կդառնա Բրազիլիան:

Ինձ համար զարմանալի էր Իսպանիայի պարտությունը, Անգլիան էլ է ուժեղ թիմ, բայց նրանք էլ կորցրեցին իրենց հնարավորությունը: Ռուսաստանի համար աշխարհի առաջնությունը շատ բարդ է, բայց կուզենամ նրանք հաղթահարեն խմբային փուլը:

Շատ եմ ցավում Հայաստանի հավաքականի համար: Շատ կցանկանամ մեր հավաքականին տեսնել  2018 թվականի աշխարհի առաջնությունում: Այդ ժամանակ միայն ու միայն կերկրպագեմ Հայաստանին:

Բայց սա սպորտ է եւ սպորտում ամեն ինչ անկանխատեսելի է: Բռնցքամարտում էլ է այդպես: Չես կարող վստահ լինել, թե ինչ ուժ կցուցադրի հակառակորդդ եւ չես կարող վստահ կանխատեսել քո հաղթանակը, այնպես ինչպես չես կարող վստահ կանխատեսել, թե ով կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Ես ուզում եմ` Բրազիլիան հաղթի»,- ասաց Սյուզի Կենտիկյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով