14:06  ,  6 դեկտեմբերի, 2012

Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն բոլորից շատ է հարվածել, իսկ Չավին ամենաշատ փոխանցումներն է կատարել

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խփել է 6 գնդակ: Նույնքան անգամ աչքի է ընկել նաեւ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Բուրակ Յիլմազը:

Խմբային փուլում Ռոնալդուն բոլորից շատ է հարվածել դարպասին՝ 27 անգամ: Երկրորդ ցուցանիշը «Բարսելոնայի» ռմբարու Լիոնել Մեսիինն է՝ 20 հարված:

Բոլորից շատ փոխանցումներ կատարել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին: 32-ամյա իսպանացու ցուցանիշն է 719 փոխանցում: Չավին նաեւ ամենաարդյունավետն է այս առումով: Նրա փոխանցումների ճշգրտությունը կազմում է 92 տոկոս: Այդպիսի ցուցանիշ ունեն նաեւ «Բարսելոնայի» խաղացողներ Սերխիո Բուսկետսն ու Խերար Պիկեն:

Կիմ Չելստրումը («Սպարտակ») եւ Նեմանիա Մատիչը («Բենֆիկա») ստացել են 4-ական դեղին քարտ, իսկ բոլորից շատ կանոնները խախտել է Բորիսովի ԲԱՏԷ-ի հարձակվող Վիտալի Ռոդիոնովը՝ 20 խախտում: «Զենիթի» հարձակվող Հալկը երկրորդն է՝ 18 խախտում:

ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը բոլորից շատ է գոլային փոխանցումներ կատարել՝ 5 անգամ: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն ամենաշատն է հայտվել խաղից դուրս վիճակում՝ 12 անգամ: Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը բոլորից շատ է է վազել՝ 78 կմ: Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խմբային փուլում վազել է 74 կմ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում