23:44  ,  3 հուլիսի, 2024

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե, Էրիկ Տեր-Մաթեւոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ, Էրիկ Տեր-Մաթեւոսյանը՝ բրոնզե մեդալակիր է:

67 կգ քաշային Գասպար Տերտերյանը եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Հրայր Հովհաննիսյանին եւ դարձավ արծաթե մեդալակիր:

Կիսաեզրափակիչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել էր Անատոլի Պասնակին: Քառորդ եզրափակիչում 5:1 հաշվով առավելության էր հասել հունգարացի Դավիդ Միխայիլ Մանյիկին: Մեկնարկային 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով պարտության էր մատնել Շվեցարիայի ներկայացուցիչ Ֆրից Ռեբերին:

82 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթեւոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:0 հաշվով հաղթեց խորվաթ Անտոնիո Լուկաչին:

Կիսաեզրափակիչում Տեր-Մաթեւոսյանը 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Իսմայիլ Ռզաեւին: Քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթանակի էր հասել Հունգարիան ներկայացնող Դոմինիկ Ատիլա Ժուժորին: 1/8 եզրափակիչում էլ 8:0 հաշվով պարտության էր մատնել չեխ Պատրիկ Միկսային: Մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր էստոնացի Ուկու Էսկելին:

Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ Յուրի Հովեյանը:

63 կգ քաշային կարգում նա մեդալի համար գոտեմարտել է թուրք ըմբիշի հետ եւ առավելության հասել 14:4 հաշվով։

Հայաստանի երիտասարդական հավաքականից բրոնզե մեդալի գոտեմարտեր են անցկացրել նաեւ Արշակ Գեղամյանը (97 կգ) եւ Արամայիս Հարությունյանը (130 կգ):

Արշակ Գեղամյանը 6:10 հաշվով պարտվել է լեհ Սեբաստիան Վարչոլին:

Արամայիս Հարությունյանը 4:9 հաշվով պարտվել է խորվաթ Մարկո Միլանովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում