19:17  ,  7 հուլիսի, 2024

«Փյունիկը» պայմանագիր է կնքել պորտուգալացի հարձակվողի հետ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը: Նա պորտուգալական հեղինակավոր «Սպորտինգի» ակադեմիայի սան է: Մինչև 2012 թվականը, Պարեդեսը հանդես է եկել «Սպորտինգի» տարբեր տարիքային խմբերում՝ հասնելով մինչև 17 տարեկանների թիմին:

Ժոաուն մինչև «Փյունիկ» տեղափոխվելը ելույթներ է ունեցել բացառապես Պորտուգալիայում: Ֆուտբոլիստը խաղացել է «Ակադեմիայի», «Վիտորիայի» և «Շավեսի» երիտասարդական թիմերում: Հարձակվողը պաշտպանել է նաև «Անադիայի», «Վիզելայի», «Մաֆրայի», «Շավիշի», «Տրոֆենսեի», «Լեյրիյայի», «Օլիվեյրենսեի» և «Ֆեյրենսեի» գույները:

28-ամյա հարձակվողը իր նախկին թիմի՝ «Ֆեյրենսեի» կազմում անցկացրել է ամենաշատ հանդիպումները՝ 61 խաղ, 3 գոլ: 

Պորտուգալիայի երկրորդ լիգայում Պարեդեսը խաղադաշտ է դուրս եկել 73 անգամ և դարձել 2 գոլի հեղինակ: Տպավորիչ է Ժոաուի վիճակագրությունը Պորտուգալիայի գլխավոր գավաթի խաղարկությունում, որտեղ, ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 11 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում