18:23  ,  14 հուլիսի, 2024

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի կոչը երկրպագուներին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը երկրպագուներին կոչ է արել աջակցել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ խաղում, որը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ «Փյունիկը» կընդունի Մինսկի «Դինամոյին», որի հետ առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Սիրելի երկրպագուներ, այս տարի մեզ համար շատ կարեւոր մրցաշրջան էր․ գլխավոր թիմը պայքարեց մինչեւ վերջ, բնավորություն ցույց տվեց, դարձավ չեմպիոն։

«Փյունիկը» սկսում է նոր մրցաշրջան եվրագավաթներում։ Մենք մեծ նպատակներ ունենք այս տարի։ Ես հուսով եմ, որ թիմը ցույց կտա իր բնավորությունը նաեւ եվրագավաթային մրցախաղերում։ Բայց մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը։ Շատ ուրախ կլինենք, եթե դուք լինեք մեր կողքին, գաք՝ աջակցեք, որովհետեւ Մինսկի «Դինամոն» շատ լուրջ մրցակից է։ Ես համոզված եմ, որ տղաներն ամեն ինչ կանեն, որ հաղթեն։ Սպասում ենք բոլորիդ հուլիսի 16-ին «Հանրապետական» մարզադաշտում»,- նշել է Արթուր Սողոմոնյանը։

Հանդիպումը հուլիսի 16-ին կմեկնարկի 20:00-ին։ Մուտքն ազատ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով