18:28  ,  26 հունիսի, 2024

Ռոբերտ Էմմիյան․ Հալվերսոնի մասնակցությունը Փարիզ-2024-ին հաստատված չէ

Ալիսոն Հալվերսոնի մասնակցությունը Փարիզ-2024-ին վերջնական չի ու հաստատված չէ։ Խնդրում եմ՝ այս պահին որեւէ անուն չշրջանառել, քանի որ վերջնական պարզ կդառնա հունիսի 30-ից հետո միայն։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Հունիսի 26-ին ՀԱՕԿ-ը եւ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեցին, որ Փարիզի Օլիմպիական խաղերին աթլետներից սպիտակ քարտով մասնակցության իրավունք է ստացել ամերիկաբնակ աթլետ, Հայաստանի հավաքականի անդամ, վազորդուհի Ալիսոն Հալվերսոնը։

Ավելի վաղ Ռոբերտ Էմմիյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում  նշել էր, որ Փարիզ-2024 մեկնելու հավանական թեկնածուն վազորդ Երվանդ Մկրտչյանն է, եթե Հայաստանին թույլ տան մասնակցել 1500 մետր մրցատարածությունում։

Հայաստանին տրված միակ սպիտակ քարտը աթլետիկայում նախատեսված է 100 մետր արագավազքում։ Ռոբերտ Էմմիյանը հերքում է ԿԳՄՍ-ի տարածած հայտարարությունը, որ այդ մրցատարածությունում վազելու է Ալիսոն Հալվերսոնը, քանի որ հավաքականի կազմում այդ մրցաձեւում ավելի բարձր արդյունք ունեցող աթլետ կա։ Ըստ Ռոբերտ Էմմիյանի, այս պահին որեւէ մեկի անունը վերջնական հաստատված չէ ոչ միջազգային ֆեդերացիայի եւ ոչ էլ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։

«Այս պահին աթլետներից որեւէ մեկի անունը հստակ չենք կարող տալ, հայտարարել, թե ով է գնալու Փարիզ-2024, քանի որ մեր պատուհանը փակվում է հունիսի 30-ին։ Մեր թեկնածուներն են Երվանդ Մկրտչյանը, Ալիսոն Հալվերսոնը, Էլլադա Ալավերդյանը եւ Գայանե Չիլոյանը։ Նրանց թվում է նաեւ առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որն այս օրերին Կապանում մասնակցում է վարկանիշային մրցաշարի։ Այս պահին հստակ ասել, թե նրանցից ով է ներկայացնելու Հայաստանը Փարիզում, ճիշտ չէ։ Խնդրում եմ՝ սխալ տեղեկություններ չտարածել։ Մենք այս պահին ունենք մեկ սպիտակ քարտ եւ իրավունք՝ մասնակցել 100 մետր արագավազքում։

Այս պահին 100 մետր արագավազքում ամենաբարձր արդյունքը Հայաստանի հավաքականի կազմում ցույց է տալիս Գայանե Չիլոյանը։ Ամերիկաբնակ Ալիսոն Հալվերսոնը  չի գերազանցում Չիլոյանին, չնայած, որ միջազգային վարկանիշով  նրանից բարձր է։

Այն, որ Ալիսոն Հալվերսոնն է մասնակցելու Օլիմպիական խաղերին, դեռ վերջնական որոշված չէ։ Նա վարկանիշի մեջ է։

Մեր կարգավիճակն այս պահին հետեւյալն է՝  Լեւոն Աղասյանը առաջինն է ըստ վարկանիշի, բայց չեմ կարծում, որ նրա մարզավիճակը թույլ կտա լավ արդյունք գրանցել, քանի որ ինչպես նախկինում ասել էի՝ նա վնասվածքներ  ունի։ Մենք միասին արդեն քննարկել ենք եւ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ պետք է առաջնահերթ զբաղվի իր առողջությամբ , բուժի վնասվածքները։ Ամեն դեպքում այսօր եւ վաղը Կապանում անցկացվող վարկանիշային մրցաշարում Լեւոն Աղասյանը կփորձի նորմատիվ լրացնել եւ ուղեգիր նվաճել իր մրցաձեւում։

Հայաստանի հավաքականից վարկանիշով երկրորդը վազորդ Երվանդ Մկրտչյանն է։ Նա ամենաուժեղն է 1500 մետր վազքում։ Մենք այս մրցատարածության իրավունք չունենք, չնայած ես դիմել եմ միջազգային ֆեդերացիային, որպեսզի մեզ թույլ տան այս մրցատարածությունում մասնակցել Խաղերին։ Սպասում եմ պատասխանի։ Ինձ համար ցանկալի է, որ մեր աթլետները մասնակցեն իրենց մրցաձեւերում։ Չեմ կարող ես Երվանդ Մկրտչյանին ուղարկել 100 մետր արագավազքում մասնակցի, եթե մենք այս ձեւում ունենք ուժեղագույն մարզուհի Գայանե Չիլոյան։

Ըստ վարկանիշի, երրորդ տեղում Ալիսոն Հալվերսոնն է։ Նա ուժեղ է 400 մետրում։ 100 մետրի մեջ Չիլոյանն իրենից լավ արդյունք է ցույց տալիս, գերազանցում է։

Ըստ վարկանիշի՝  չորրորդը Էլլադան է, որը ուժեղ է 800 մետր վազքում։ Եվ վերջում Գայանե Չիլոյանն է. 100 մետր արագավազքում մեր ուժեղագույնը։

Այնպես որ, այս անուններից, թե ով կմասնակցի, ով կստանա իրավունքը, վերջնական պարզ կլինի հունիսի 30-ին։ Եթե մինչ այդ ինչ-որ մի միջազգային մրցաշարում Ալիսոնը 100 մետր արագավազքում Գայանե Չիլոյանից բարձր արդյունք ցույց տա, նա կմասնակցի Փարիզ-2024-ին։

Այստեղ կա եւս մեկ խնդիր։ Ես նորից դիմել եմ միջազգային ֆեդերացիա, փորձում եմ ամեն ինչ անել, որ մեզ թույլ տան մասնակցել 1500 մետր վազքում եւ հնարավորություն տանք Երվանդ Մկրտչյանին մասնակցել Օլիմպիական խաղերին։ Սպասում եմ պատասխանի։ Ամեն վայրկյան կարող է մեզ թույլ տան։

Հիմա ինչ անուններ ուզում են տան, սխալ է, հաստատված չի։ Վերջնական հաստատումը տալու է միջազգային ֆեդերացիան հունիսի 30-ից հետո։ Ես բոլոր մարզիկների հետ խոսել եմ, բոլորին էլ ասել եմ, որ պատրաստվեն․ յուրաքանչյուրը պատրաստ լինի, որ հենց ինքը հնարավոր է մեկնի Փարիզ»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով