09:07  ,  30 մայիսի, 2024

Արմեն Բաբալարյան․ Օլիմպիական խաղերից առաջ բացառում եմ լարվածությունը

Օլիմպիական խաղերին պատրաստվում ենք մի քանի փուլով՝ հավաքներ, միջազգային մրցաշար, արտագնա համատեղ հավաքներ: Փորձում ենք բացառել լարվածությունը:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 16-ից Ծաղկաձորի մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցնում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, որը կավարտի մայիսի 30-ին:

Հավաքին մասնակցում են նաեւ Փարիզ-2024-ի ուղեգրեր նվաճած Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը: Ծաղկաձորի հավաքով Հայաստանի թիմը սկսում է Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:

«Ծաղկաձորում անցկացրինք 14-օրյա հավաք, որն ուղղված էր ընդհանուր ֆիզիկական պատրաստականությանը: Հավաքն ավարտում ենք մայիսի 30-ին եւ վերադառնում Երեւան, որտեղ մայիսի 31-ից հունիսի 1-ը թիմը կմասնակցի Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարին:

Երեւանում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն բոլորը, բացի Արթուր Ալեքսանյանից: Այս մրցաշարը շատ կարեւոր է մասնավորապես Մալխաս Ամոյանի եւ Սլավիկ Գալստյանի համար, քանի որ կլինի ստուգատես Օլիմպիական խաղերից առաջ: Մրցաշարին չի մասնակցի նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը, որը ծնկի վիրահատություն է տարել: Արթուր Ալեքսանյանն ազատված է այս մրցաշարից: Այս շրջանում պետք չի: Սլավիկ Գալստյանի եւ Մալխաս Ամոյանի համար այս մրցաշարը Օլիմպիական խաղերին պատրաստվելու փուլերից մեկն է: Մենք այդպես որոշել ենք նրանց հետ՝ մարզիչներով, մարզիկներով:

Միջազգային մրցաշարին մասնակցում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելառուս, Իրան, Ռուսաստան, Վրաստան եւս 4-5 երկիր: Անցած տարվա համեմատ, այս տարի քիչ երկրներ կգան, քանի որ Օլիմպիական տարի է եւ շատերն ունեն պլանային մարզումային փուլեր: Անցած տարի մեծ թվով երկրներ էին մասնակցում եւ շատ ուժեղ մրցաշար ունեցանք:

Չեմ համարում, որ այս հավաքով սկսել ենք Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը, քանի որ մենք սովորաբար սկսում ենք պատրաստվել նախորդ Օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Ծաղկաձորից հետո նախատեսում ենք եւս 4 հավաք ունենալ, որոնցից երկուսն արտագնա՝ Բուլղարիայում եւ Բելառուսում: Բուլղարիայում հավաք կանենք կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի գլխավորությամբ եւ նրա թիմի հետ համատեղ:

Բելառուսում համատեղ հավաք կանենք իրենց եւ Եգիպտոսի ազգային հավաքականի հետ: Հնարավոր է եւս մեկ թիմ միանա մեզ Միջին Ասիայից, դեռ չգիտենք: Բուլղարիայում բացի հավաքից, նաեւ հանգստին ու վերականգնվելուն ժամանակ կտրամադրենք:

Երկու արտագնա հավաքների մեջտեղում մեկ հավաք կունենանք Երեւանում, վերջինը եւս կանցկացնենք Երեւանում եւ կմեկնենք Փարիզ: Ծաղկաձորի հավաքից սկսած մեզ միացել է ռուս սպորտային բժիշկ Մաքսիմ Եշչենկոն  ՀԱՕԿ-ի հովանու ներքո նա մեզ հետ կաշխատի մինչեւ Օլիմպիական խաղեր: Որպես հավաքականի գլխավոր մարզիչ, նրա աշխատանքից շատ գոհ եմ: Մեծ աշխատանք է տանում վնասվածքների ուղղությամբ: Խոսքը մկանային վնասվածքների, ցավերի մասին է, ոչ լուրջ կոտրվածքների: Նրա օգնությամբ գրեթե վերանում են այդ վնասվածքները:

Չեմ կարող մասնագիտորեն բացատրել, բայց զգալիորեն փոփոխություն եմ զգում, տղաների աշխատանքային պրոցեսի ցանկությունն ավելացել է: Եթե վնասվածք չունես, աշխատանքային պրոցեսի ցանկությունը կատարելագործվում է եւ արդյունքը երեւում: ՀԱՕԿ-ը Մաքսիմին մեզ հետ կգործուղի նաեւ Փարիզ՝ Օլիմպիական խաղեր:

Օլիմպիական խաղերից առաջ բացառում եմ լարվածությունը: Եթե ես՝ մարզիչս, լարվածություն ունենամ, այն ուղիղ կերպով կփոխանցվի տղաներին: Ես ավելի հանգիստ եմ: Նշեմ նաեւ, որ Օլիմպիական խաղերի մասնակիցների մոտ էլ լարվածություն չկա: Դեռ չեմ նկատել: Մենք այնպիսի աշխատանք ենք տանում, որ հիմնական նպատակը մրցումները չլինեն, այլ այդ մրցումներին, այս պարագայում՝ Օլիմպիական խաղերին, պատրաստվելը»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Վերջին մարզումային օրը Հայաստանի հավաքականին այցելեց հունահռոմեական ոճի ըմբշամարտում առաջին հայ օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում 1976 թվականի Մոնրեալի Օլիմպիական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն Սուրեն Նալբանդյանը:

Օլիմպիական չեմպիոնը հետեւեց Հայաստանի թիմի մարզմանը, ապա Արթուր Ալեքսանյանին իր եւ մի շարք այլ օլիմպիական չեմպիոնների մասին պատմող բրոշյուր նվիրեց:

Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք մասնակից՝ Արթուր Ալեքսանյան (97 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Սլավիկ Գալստյան (67 կգ): Հայաստանի երեք օլիմպիականներն էլ ուղեգրերը նվաճել են 2023 թվականի աշխարհի առաջնությունում:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, որի ուղեգիրը նվաճել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալով նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր: Սլավիկ Գալստյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է աշխարհի առաջնությունում լավագույն երրորդ տեղի, օլիմպիական ուղեգրի համար գոտեմարտում:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով