00:25  ,  8 հունիսի, 2024

Վարազդատ Հարոյան․ Վատ ֆուտբոլ չենք խաղում, ուղղակի կան մանր թերություններ

Հայաստանի հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի թիմի նկատմամբ Երեւանում տեղի ուենցած ընկերական խաղում։

«Երկար սպասված հաղթանակ էր: Բոլորին շնորհավորում եմ: Երկար ժամանակ չէինք կարողանում հաղթել, լավ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Այսօր կարողացանք հաղթել, պահերն օգտագործեցինք: Ճիշտ է՝ պաշտպանությունում թերություններ կային, բայց հաղթեցինք, ճիշտ իրացրինք պահերը:

4 ընկերական հանդիպումներում ուժեղ մրցակիցների հետ խաղացինք. Չեխիան, գիտեք ինչ հավաքական է, Սլովենիան, որը պատրաստվում է Եվրո-2024 եզրափակիչին, Ղազախստանը, որը Սլովենիայի հետ մեկ խաղում զրկվեց եզրափակիչի ուղեգրից: Բոլորն էլ ուժեղ էին:

Վատ ֆուտբոլ չենք խաղում, ուղղակի կան մանր թերություններ, որոնք պետք է շտկենք: Այդ թերությունները կապված են սերնդափոխության հետ, երիտասարդ ֆուտբոլիստներն են շատ, սխալներ, որոնք այս մակարդակի վրա չեն ներում»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները C լիգայի չորրորդ խմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով