00:47  ,  28 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ. Լյովա Սրապյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Սրապյանը նվաճել է բրոնզե մեդալ:

60 կգ քաշայինների պայքարում պատանի ձյուդոիստը 6 գոտեմարտ է անցկացրել: Բրոնզե մեդալի համար պայքարում ժամանակից շուտ վազարիով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Վեյլոկո Վարչիչին:

Հայաստանի հավաքականների թիմերի պատասխանատու, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սոֆիայից նշեց, որ Հայաստանի թիմը ուժեղ կազմով է մասնակցում ԵԱ-ին:

«Շատ ուրախ եմ Լյովա Սրապյանի բրոնզե մեդալի համար: Շատ մեծ մրցակցություն է: 6 հաղթանակ է տարել բրոնզե մեդալի համար: Մեծ պայքար է գնում: Առաջնությանը մասնակցում է 44 երկրի 511 մարզիկ՝ 275 տղա, 236 աղջիկ։ Շատ դժվար է այսօր ձյուդոյում արդյունք ցույց տալ եւ մեդալ նվաճել: Լավ թիմով ենք մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Առաջին մրցումային օրվա բոլոր մասնակիցներն էլ հաղթանակներ ունեցան:

Այսօր տատամի են դուրս եկել նաեւ -50 կգ քաշային Շավարշ Նահապետյանը, Արթուր Դավիդյանը,  -55 կգ քաշային Հայկ Դարբինյանը, -60 կգ՝ Օզմանյան Ջոնիկը:

-50 կգ քաշային Շավարշ Նահապետյանը 5 գոտեմարտ հաղթելուց հետո պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում եւ գրավել 5-րդ տեղը:

-55 կգ քաշային Հայկ Դարբինյանը 4 հաղթանակ է տարել, 7-րդ տեղ զբաղեցրել:

Մյուս մասնակիցները մեկ-երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել են:

Հայաստանի թիմի միակ աղջիկ Լարիսա Աթոյանը (-48 կգ) պարտվել է մեկնարկում: Լարիսան նոր է ընդգրկվել հավաքական, սա նրա առաջին փորձն էր Եվրոպայի առաջնությունում»,- ասաց Հովհաննսե Դավթյանը:

Մ17 Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը տատամի դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 66 կգ քաշային Նարեկ Դանիելյանը, 73 կգ քաշային Տիգրան Սարուխանյանը եւ Արման Կեչոյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում