10:49  ,  7 օգոստոսի, 2021

Գեւորգ Ալեքսանյան. Տոկիոյում ուժեղները չորոշվեցին, տեղի ունեցավ մեդալների բաշխում

Տոկիոյում, իմ կարծիքով, ուժեղները չորոշվեցին, այլ կիրառվեց օլիմպիական մեդալների բաշխում: Մեր թիմը քարուքանդ արեցին այնքանով, որ եկել ենք մեկ մեդալով, այն էլ՝ ոչ ոսկե:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, որը նախորդ գիշեր Արթուր Ալեքսանյանի (97 կգ) եւ Կարապետ Չալյանի (77 կգ) հետ օլիմպիական Տոկիոյից վերադարձավ հայրենիք:

Հավաքականի մարզիչն ամփոփեց Տոկիո-2020-ը:

«Այս Օլիմպիական խաղերն ավելի շատ մեդալների բաշխում էր, քան ուժերը չափելու մրցաշար: Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարը կազմակերպում եւ անցկացնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW): Իրենց կազմակերպվածությունը ցույց տվեց, որ հնարավորինս ամեն ինչ արվեց՝ մեդալ չնվաճած երկրներին մեդալներով տուն ճանապարհելու համար: Օլիմպիական խաղերում այդ նպատակը պետք է չլինի, որ բոլոր երկրներին ապահովեն մեդալներով: Այստեղ ուժեղների պայքար է եւ ուժեղները պետք է հաղթեն: Տոկիոյում, իմ կարծիքով, ուժեղը չորոշվեցին:

Թիմը քարուքանդ արեցին այնքանով, որ մեզ զրկեցին երեք մեդալ նվաճելու հնարավորությունից: Իմ աչքերով ռեալ տեսնում էի, որ երեք մեդալով կարող ենք վերադառնալ: Շատ լավ արդյունք կլիներ Տոկիոյում, եթե մենք հնարավորություն ունենայինք մեր ամբողջ ներուժը գործի դնել: Քարուքանդ արեցին այնքանով, որ եկել ենք մեկ մեդալով, այն էլ՝ ոչ ոսկե: Չեմ թերագնահատում արծաթե, բրոնզե մեդալները:

Ավելի քան 20 տարվա քրտնաջան աշխատանք ունեինք մեր թիկունքում: Մարզումային ավելի մանրակրկիտ փուլ էինք անցել վերջին 5 տարում: Այլ բան է, երբ դուրս գաս մրցագորգ եւ պարտվես քեզանից ուժեղ ըմբիշի, մեկ այլ բան է, երբ տեսնում ես, որ գոտեմարտի ելքին միջամտում է միջազգային ֆեդերացիայի ժյուրին: Այսինքն՝ այդ պարագայում ըմբիշը չի պարտվում, որովհետեւ թույլ էր, այլ քանի որ ժյուրին է միջամտել:

Մեր պարագայում միջազգային ֆեդերացիայի մրցավարները որոշեցին Արթուր Ալեքսանյանի եւ Կարեն Ասլանյանի գոտեմարտերի ելքը: Աշխարհում չեմ տեսել նման դեպք, որ հայտարարեն հաղթողի անունը, իսկ հետո մտափոխվեն: Միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովից ինչ-որ մեկը վազելով գալիս եւ կանգնեցնում է գոտեմարտը այն պահին, երբ հայտարարում են հաղթողի անունը: Միջազգային ֆեդերացիայի ժյուրին նման իրավունք չունի: Գոտեմարտը կանգնեցնելու իրավունք ունեն միայն գլխավոր մրցավարն ու երկու անկյունների մարզիչները՝ չելենջ գցելով:

Ինչ վերաբերում է Արթուրի եզրափակիչ գոտեմարտին, նա լիարժեք մաքուր պաշտպանվում է պարտերում: Գորգի, սեղանի ու եզրային մրցավարները գրանցում են մաքուր պաշտպանություն եւ գործողության ավարտ, թույլ են տալիս շարունակել գոտեմարտը գորգի կենտրոնից՝ կանգած դիրքից, բայց Ռուսաստանի թիմը չելենջ է գցում: Սա այն դեպքն է, երբ ընկնես ծովը, ձեռքդ գցես փրփուռներից: Նրանք այլ ելք չունեին, քանի որ շարունակվելու դեպքում Արթուրն էր պարտերում վերեւից աշխատելու եւ հաղթելու էր: Բայց չելենջը բավարարում են, դուրս է գալիս, որ ժյուրին, նորից փոխում է երեք մրցավարների որոշումը: Այս անգամ ժյուրին մեր հանդեպ շատ վատ է աշխատել»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է:

Նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով