Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը (63 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5):
Առաջին ռաունդում Հովհաննես Բաչկովը փորձում էր ակտիվություն դրսևորել, բայց բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին ամերիկացի բռնցքամարտիկին: Քեյշոուն Դևիսը հաճախ էր գրկում մրցակցին, ինչի համար նրանից մեկ միավոր հանեցին երկրորդ ռաունդի ընթացքում:
Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը լավ աշխատեց և 5 մրցավարներից երեքը նրան տվեցին նախապատվությունը: Երկրորդ ռաունդն անցավ լարված պայքարում, բայց հաղթանակի հասավ Քեյշոուն Դևիսը:
Հովհաննես Բաչկովը և Քեյշոուն Դևիսը հանդիպել էին նաև 2019թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ դարձյալ հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
Սա 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի չորրորդ մեդալն էր Տոկիո-2020-ում: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին պայքարի մեջ էր մտել նաև ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:
Ֆոտո՝ Reuters
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում