00:24  ,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (ֆոտոշարք)

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Միհրանը պարտվեց կեցցեների ու ծափահարությունների ներքով:

Առաջին մրցափուլի միջնամասում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը հաջող պաշտպանվեց եւ միավոր չտվեց մրցակցին: Քիչ անց Միհրանը Շտեֆանեկին դուրս հրեց գորգից եւ վաստակեց մեկ միավոր՝ այդ առավելությունը պահպանելով մինչեւ 30 վայրկյանանոց ընդմիջումը:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Հարությունյանը ստացավ հոնքի պատռվածք եւ գոտեմարտը դադարեցվեց մոտ մեկ րոպեով: Շուտով այն շարունակվեց եւ գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ Միհրանին դարձյալ պարտեր նստեցրեին, բայց նա արագ ոտքի կանգնեց, թեեւ Շտեֆանեկը մեկ միավոր վաստակեց, քանի որ հայ ըմբիշը ստացել էր երկրորդ զգուշացումը: Վերջնամասում Միհրանը շատ ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին, ինչը խայտառակություն էր: Դավոր Շտեֆանեկը հաղթեց վերջինը միավոր վաստակելու շնորհիվ եւ դարձավ Սերբիայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն ըմբշամարտում:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուից, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին: Կիսաեզրափակիչում էլ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը եւս դուրս է եկել եզրափակիչ եւ ոսկե մեդալը կվիճարկի կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Սա Հայաստանի երկրորդ արծաթե մեդալն էր Ռիո-2016-ում: Հայաստանի առաջին մեդալն օգոստոսի 15-ին նվաճել էր 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկները ծանրամարտում առաջին անգամ են նվաճել արծաթե մեդալ:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 66 կգ

1. Դավոր Շտեֆանեկ (Սերբիա)

2. Միհրան Հարությունյան (Հայաստան)

3. Ռասուլ Չունաեւ (Ադրբեջան), Շմագի Բոլկվաձե (Վրաստան)

Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թվականի մարտի 29-ին Էջմիածնում:

Միհրանը 2009 թ. աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն է, 2011թ. Ռուսաստանի չեմպիոն, 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն է, 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ռիո-2016-ի ուղեգիը նվաճել էր 2015թ. աշխարհի առաջնությունում:

Ամուսնացած է, ունի դուստր: Անձնական մարզիչն է Սամվել Գեւորգյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում