14:37  ,  2 օգոստոսի, 2021

Արթուր Դավթյանն՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (ֆոտո)

41 տարի անց Հայաստանն օլիմպիական մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզությունում։ Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում:

Եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.733 միավոր:

Օլիմպիական չեմպիոն հռչակվեց կորեացի Շին Ջի Հվանը, որը վաստակեց 14.783 միավոր: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբլյազինը:

Նախորդ անգամ Հայաստանը սպորտային մարմնամարզությունում օլիմպիական մեդալ նվաճել էր 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած 22-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը:

Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Տոկիո-2020-ում: Առաջին մեդալն ապահովել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օգոստոսի 2-ին տարել է 3 հաղթանակ ու նվաճել եզրափակիչի ուղեգիր: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանն օգոստոսի 3-ին ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը վաստակել էր 14.866 միավոր եւ երկրորդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Տոկիո-2020-ում Արթուր Դավթյանը հուլիսի 24-ին հանդես էր եկել նաև նժույգ թափեր վարժության որակավորման փուլում, որտեղ գրանցել էր 9-րդ արդյունքը և չէր կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքել էր 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ եւ նժույգ թափեր

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի 2–ամյա դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն։

Մասնակցել է Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում սպասարկում է Օլիմպիական խաղերը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ