03:39  AMT,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական փոխչեմպիոն (ֆոտոշարք)

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները (185 եւ 190 կգ), իսկ 195 կգ-ն բարձրացնել չհաջողվեց: Հրում վարժությունում Սիմոնը նախ հաղթահարեց 220 կգ-ն, հետո՝ 227 կգ-ն, իսկ վերջին մոտեցմանը չբարձրացրեց 234 կգ-ն:

Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը հանդես եկավ B խմբում, որտեղ 389 կգ (179+210) արդյունքով երրորդն էր:

Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը, որը հրում վարժությունում սահմանեց օլիմպիական ռեկորդ (237 կգ): Երկամարտում նա 14 կգ գերազանցեց հայ ծանրորդին: 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Թբիլիսիում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության +105 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը Սիմոն Մարտիրոսյանը նվաճել էր երկամարտի 412 կգ (187+225) արդյունքով: Նորվեգիայում էլ այս տարվա ապրիլին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում նա երկամարտի 402 կգ (182+220) արդյունքով գրավել էր երրորդ տեղը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտում հայ մարզիկներն առաջին անգամ են նվաճում արծաթե մեդալ:

Ռիո-2016-ի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Գոռ  Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանն օգոստոսի 16-ի գիշերը հանդես կգան գերծանր քաշային կարգում:

Ռիո-2016, ծանրամարտ

Տղամարդիկ, 105 կգ 

1. Ռուսլան Նուրուդինով (Ուզբեկստան) – 431 կգ (194+237)

2. Սիմոն Մարտիրոսյան (Հայաստան) - 417 կգ (190+227)

3. Ալեքսանդր Զաիչիկով (Ղազախստան) - 416 կգ (193+223) 

Սիմոն Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 19-ին Հայկաշեն գյուղում։ Անձնական մարզիչն է Աշոտ Փիլոսյանը։

Մարտիրոսյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի երիտասարդների ռեկորդակիր, 2016 թ. մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թ. երիտասարդների Եվրպայի առաջնության չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...