20:52  ,  11 մայիսի, 2021

Արսեն Զախարյան. Ամեն ֆուտբոլիստի երազանքն է ընդգրկվել գլխավոր հավաքականում, առավել եւս այսպիսի մրցաշարի համար

Մոսկվայի «Դինամոյի» 17–ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում իր ընդգրկվելը։

«Իհարկե, ամեն ֆուտբոլիստի երազանքն է ընդգրկվել գլխավոր հավաքականում, առավել եւս այսպիսի մրցաշարի համար։ Ես ունեցա ամենադրական հույզերը։ Անկեղծ ասած, նույնիսկ չէի մտածել, որ կարող եմ հրավեր ստանալ հավաքականից։

Կենտրոնացած էի բացառապես «Դինամոյում» իմ խաղի եւ մարզումների վրա։ Սա զարմանահրաշ իրադարձություն է իմ կյանքում։ Կձգտեմ իմ խաղով եւ գործի նկատմամբ իմ վերաբերմունքով ապացուցել, որ զուր չեն հավատացել իմ ուժերին»,– Զախարյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում