ԱԱ-2018-ի մասնակիցները. Անկոտրում խորվաթները (ֆոտո)

13:53   31 մայիսի, 2018

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 18-րդը Խորվաթիայի հավաքականն է։

Խորվաթներն աշխարհի առաջնությանը մասնակցել են 4 անգամ, իսկ նորամուտը նշել են 1998-ին։ «Մունդիալներում» Խորվաթիայի հավաքականը լավագույն արդյունքը գրանցել է հենց առաջին մրցելույթի ժամանակ՝ ԱԱ-1998-ում դառնալով բրոնզե մեդալակիր: Կիսաեզրափակիչում խորվաթները պարտվել են (1:2) այդ տարվա չեմպիոն Ֆրանսիային, իսկ երրորդ տեղի համար խաղում ուժեղ են գտնվել հոլանդացիներից (2:1):

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Խորվաթիայի հավաքականը երկրորդ տեղը գրավեց I խմբում  (Իսլանդիա, Խորվաթիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա, Կոսովո), իսկ անցումային խաղերում ուժեղ գտնվեց Հունաստանի հավաքականից (4:1, 0:0) եւ նվաճեց ուղեգիր:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Խորվաթիայի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Նիգերիայի (հունիսի 16, Կալինինգրադ), աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի (հունիսի 21, Նիժնի Նովգորոդ) եւ Իսլանդիայի (հունիսի 26, Ռոստով) հավաքականների հետ: Մասնագետների կարծիքով՝ իր աստղային կազմով Խորվաթիայի հավաքականը կարող է պայքարել նույնիկսկ խմբում առաջին տեղի համար:

Մարզիչը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անսպասելի փոփոխություն տեղի ունեցավ 2017-ի հոկտեմբերին: Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Ֆինլանդիայի հավաքականի հետ տնային ոչ ոքիից (1:1) հետո Անտե Չաչիչը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինեց 51-ամյա Զլատկո Դալիչը, որը դրանից առաջ 7 տարի աշխատել էր Սաուդյան Արաբիայում ու ԱՄԷ-ում: 2006–2011-ը Զլատկո Դալիչն աշխատել է նաեւ Խորվաթիայի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբում: Նախկին ֆուտբոլիստը մարչական կարիերան սկսել է 2005-ին: Զլատկո Դալիչը կլինի աշխարհի առաջնության ամենաանհայտ մարզիչներից:

Հզոր կիսապաշտպանությունը

Նույնիսկ մի շարք աստղային հավաքականներ կցանկանային կիսապաշտպանության կենտրոնում ունենալ «Բարսելոնայի» խաղացող Իվան Ռակիտիչի ու Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի պես աստղեր: Նրանց միանում են նաեւ իտալական «Ինտերի» հենակետային Մարսելո Բրոզովիչն ու «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, իսկ Իվան Պերիշիչն («Ինտեր») ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը մրցակիցների համար կարող են մեծ գլխացավանք դառնալ վինգերի դիրքում: Խոսելով խորվաթների ուժեղ կողմերի մասին, հավանաբար, առաջին հերթին պետք է նշել նաեւ թիմային ոգին: Խորվաթիայի հավաքականն ուժեղ է ոչ միայն նրանով, որ յուրաքանչյուրը դաշտում «կռվում» է իր երկրի համար, այլ նաեւ նրանով, որ բոլոր խաղացողները «մարտի» են դուրս գալիս եւ պայքարում մեկը մյուսի համար: Այս խիզախ հավաքականի թիմային ոգին կոտրել շատ բարդ է:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապհներ Դանիել Սուբաշիչ («Մոնակո»), Լովրե Կալինիչ («Գենտ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո» Զ․)։

Պաշտպաններ Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ»), Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), Իվան Ստրինիչ («Սամպդորիա»), Դեյան Լովրեն («Լիվերպուլ»), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), Յոսիպ Պիվարիչ («Դինամո» Կ,), Տին Եդվայ («Բայեր»), Մատեյ Միտրովիչ («Բրյուգե»), Դույե Չալետա Ցար («Զալցբուրգ»)։

Կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ (երկուսն էլ՝  «Ռեալ» Մ․), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»), Միլան Բադել («Ֆիորենտինա»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Ֆիլիպ Բրադարիչ («Ռիեկա»), Իվան Պերիշիչ («Ինտեր»)։ 

Հարձակվողներ Մարիո Մանջուկիչ («Յուվենտուս»), Նիկոլա Կալինիչ («Միլան»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Մարկո Պյացա («Շալկե»), Անտե Ռեբիչ («Այնտրախտ»)։

Բուքմեյքերների կարծիքը

Խորվաթիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 40 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.45 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային Կորեա, Դանիա

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։