ԱԱ-2018-ի մասնակիցները. Դանիայի հավաքական (ֆոտո)

09:09   30 մայիսի, 2018

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 17-րդը Դանիայի հավաքականն է։

Դանիացիներն աշխարհի առաջնությունում հանդես են եկել 4 անգամ, իսկ նորամուտը նշել են 1986-ին։ Եվրոպայի 1992թ. չեմպիոնը «Մունդիալներում» լավագույն արդյունքը գրանցել է 1998-ին, երբ հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ եւ պարտվել բրազիլացիներին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հավաքականը երկրորդ տեղը գրավեց E խմբում  (Լեհաստան, Դանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Հայաստան, Ղազախստան), իսկ անցումային խաղերում հաղթեց Իռլանդիայի հավաքականին (0:0, 5:1) ու նվաճեց ուղեգիր:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Դանիայի հավաքականը C խմբում կխաղա Պերուի (հունիսի 16, Սարանսկ), Ավստրալիայի (հունիսի 21, Սամարա) եւ Ֆրանսիայի (հունիսի 26, Մոսկվա) հավաքականների հետ: Խմբի ֆավորիտն է Ֆրանսիայի հավաքականը, բայց բուքմեյքերները հավատում են նաեւ դանիացիների՝ փլեյ-օֆֆ դուրս գալուն, թեեւ Պերուի ու Ավստրալիայի դեմ սպասվում են բարդ հանդիպումներ:

Գլխավոր աստղը

Դանիայի հավաքականի գլխավոր աստղը Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն է, որն անցկացրեց հրաշալի մրցաշրջան: Էրիկսենը դանիացիների գրոհների գլխավոր կազմակերպիչն է, ինչպես նաեւ գոլեր է խփում եւ արդյունավետ իրացնում տուգանային հարվածները: Զարմանալի չէ, որ Էրիկսենը Դանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն էր ԱԱ-2018-ի ընտրական փուլում, որում դարձավ նաեւ ամանաշատ գոլ խփած կիսապաշտպանը: Աշխարհի առաջնությունում դանիացիները մեծ հույսեր են կապում 26-ամյա կիսապաշտպանի հետ:

Մարզիչը

Նորվեգացի մասնագետ Օգե Հարեյդեն Դանիայի հավաքականում աշխատում է 2015 թվականի դեկտեմբերից, իսկ մինչեւ այդ ազգային թիմը 15 տարի գլխավորում էր Մորտեն Օլսենը, որը հրաժարական տվեց եւ ավարտեց կարիերան: Մարզչական կարիերայի ընթացքում 64-ամյա Հարեյդեն դարձել է Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի չեմպիոն: ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկային խաղերում դանիացիները հանդես էին գալիս 3-5-2 տակտիկական սխեմայով, սակայն Լեհաստանից կրած պարտությունից ու Չեռնոգորիայի հետ ոչ ոքիից հետո Հարեյդեն փոխեց մարտավարությունը: Դանիացիները սկսեցին խաղալ 4-3-3 դասավորությմաբ եւ, գրանցելով տպավորիչ անպարտելի շարք, նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր: Թիմի գլխավոր խնդիրը պաշտպանությունն է:

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Կասպեր Շմեյխել («Լեյսթեր»), Յոնաս Լեսլ («Հադերսֆիլդ»), Ֆրեդերիկ Ռենով («Բրոնդբյու»), Յեսպեր Հանսեն («Միտյուլանդ»):

Պաշտպաններ. Սիմոն Կյաեր («Սեւիլիա»), Անդրեաս  Կրիստենսեն («Չելսի»), Մատիաս Յորգենսեն («Հադերսֆիլդ»), Յաննիկ Վեստերգոր («Բորուսիա Մ.»), Անդրեաս Բյելանդ, Հենրիկ Դալսգոր (երկուսն էլ՝ «Բրենտֆորդ»), Պետեր Անկերսեն, Նիկոլայ Բոյլեսեն (երկուսն էլ՝ «Կոպենհագեն»), Յենս Ստրյուգեր Լարսեն («Ուդինեզե»), Ռիզա Դուրմիսի («Բետիս»), Յոնաս Կնուդսեն («Իպսվիչ»):

Կիսապաշտպաններ. Ուիլիամ Կվիստ, Ռոբերտ Սկով (երկուսն էլ՝ «Կոպենհագեն»), Թոմաս Դելեյնի («Վերդեր»), Լուկաս Լերագեր («Բորդո»), Լասե Շյոնե («Այաքս»), Միկե Յենսեն («Ռուսենբորգ»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Դանիել Վաս («Սելտա»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Սաութհեմփթոն»), Մատիաս Յենսեն («Նորդշելանդ»), Միկայել Կրոն-Դելի («Դեպորտիվո»):

Հարձակվողներ. Պիոնե Սիստո («Սելտա»), Մարտին Բրայթվեյթ («Բորդո»), Անդրեաս Կորնելիուս («Ատալանտա»), Վիկտոր Ֆիշեր («Կոպենհագեն»), Յուսուֆ Պոուլսեն («Լայպցիգ»), Նիկոլայ Յորգենսեն («Ֆեյենորդ»), Նիկլաս Բենդտներ («Ռուսենբորգ»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»), Քենետ Զոհորե («Կարդիֆ»):

Բուքմեյքերների կարծիքը

Դանիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 80 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.6 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիա, Հարավային Կորեա



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։