13:57  ,  16 օգոստոսի, 2012

Սամվել Խաչատրյան. Այսօր հայկական ծանրամարտը շատ լավ վիճակում է

«Ես ամեն ինչ անում եմ, որ ծանրամարտն ավելի զարգանա Հայաստանում: Մի քանի տարի առաջ ծանրորդները պարկով մեդալ էին բերում: Ինչի այդ մասին չեք ասում, 346 հատ մեդալ եմ բերել վեց տարվա ընթացքում: Վերցրեք ծանրամարտի պատմությունը, այդքան մեդալ ո՞վ է բերել… Դարձել եմ ազգի թշնամի, բայց ունեմ 350 հատ մեդալ, կհանեմ կլցնեմ բոլորի դեմը»:

Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

«Մենք բոլորից սպասելիքներ ունեինք: Հինգ անվանի մարզիկներ ունենք: Մենք մեդալի ակնկալիքներ ունեիքն Առաքել Միրզոյանից, Մելինե Դալուզյանից, Տիգրան Մարտիրոսյանից եւ Հռիփսիմե Խուրշուդյանից:

Եթե մենք լրիվ դատարկ գայինք, ես կընդունեի այս մեղադրանքները:  Հռիփսիմեն բարձր պահեց հայկական ծանրամարտի պատիվը, բայց նա ումո՞վ դարձավ մեդալակիր` ինձնով, այ էս տղով, Գագիկ Ծառուկյանով: Կանչեք Հռիփսիմեին եւ հարցրեք` ինքնուրույն կարող էր գնալ եւ մեդալ բերել»,- նշեց Սամվել Խաչատրյանը:

Հարցին, թե ինչ արձագանք է տվել ՀԱՕԿ-ի նախագահը հայ ծանրորդների անհաջող ելույթներին՝ Սամվել Խաչատրյանը պատասխանեց.

«Պարոն Ծառուկյանը սպորտի վարպետ է: Նա ինձանից բացատրություն ուզեց, բայց շատ լավ հասկացավ, որ սա ուղղակի ձախողում էր: Այսօր հայկական ծանրամարտը շատ լավ վիճակում է, եթե չհաշվենք Օլիմպիական խաղերը: Ունենք հիմնական թիմ, բայց կան մարդիկ, որոնցից սպասելիքներ չունենք եւ չունեինք նաեւ Օլիմպիական խաղերում: Օրինակ` Արա Խաչատրյանից ինչ սպասեմ, ավագ Տիգրան Մարտիրոսյանից ինչ սպասեմ, նա 30 տարեկան է:

Օլիմպիական խաղերի արդյունքները գնահատում եմ նորմալ: Պեկինի Խաղերին մենք չենք ունեցել արծաթե մեդալ, հիմա ունենք եւ ես դա համարում եմ ավելի լավ: Արծաթն ավելի լավ էք քան 10 հատ բրոնզը:

Նորայր Վարդանյանից էլ սպասելիքներ ունենք: Նա լավ մարզիկ է: Թող ոչ ոքի չթվա, թե նա ծանոթով է հայտնվել հավաքականում: Երբեւիցե ծանրամարտի ֆեդերացիայում ծանոթով մարդ չի հայտնվել: Գագիկ Ծառուկյանը երբեք ինձ չի ասել` այսինչին ընդգրկիր, սրա որդին է: Ամեն ինչ ընդունվում է ըստ բարձրացրած կիլոգրամների»:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե, հրաժարականի դեպքում, կա արդյոք ֆեդերացիայի նախագահի հարմար թեկնածու, Սամվել Խաչատրյանը նկատեց.

«Ինձ փոխարինող կլինի: Անփոխարինելի մարդ չկա: Բայց այս պահին ես փոխարինող չեմ տեսնում: Անփոխարինելի միայն Աստված է եւ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանը: Միայն Գագիկ Ծառուկյանը կարող է Գագիկ Ծառուկյանին փոխարինել: Ես չեմ եկել այստեղ որեւէ մեկին պաշտպանելու: Ուղղակի դարձել եմ ազգի թշնամի, բայց մեջքիս ունեմ 350 հատ մեդալ, կհանեմ կլցնեմ բոլորի դեմը: Բա ինձանից առաջ ինչի մեդալներ չկային… Ես ամեն ինչ անում եմ, որ ծանրամարտն ավելի զարգանա Հայաստանում»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով