13:57 16 օգոստոսի, 2012«Ես ամեն ինչ անում եմ, որ ծանրամարտն ավելի զարգանա Հայաստանում: Մի քանի տարի առաջ ծանրորդները պարկով մեդալ էին բերում: Ինչի այդ մասին չեք ասում, 346 հատ մեդալ եմ բերել վեց տարվա ընթացքում: Վերցրեք ծանրամարտի պատմությունը, այդքան մեդալ ո՞վ է բերել… Դարձել եմ ազգի թշնամի, բայց ունեմ 350 հատ մեդալ, կհանեմ կլցնեմ բոլորի դեմը»:
Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
«Մենք բոլորից սպասելիքներ ունեինք: Հինգ անվանի մարզիկներ ունենք: Մենք մեդալի ակնկալիքներ ունեիքն Առաքել Միրզոյանից, Մելինե Դալուզյանից, Տիգրան Մարտիրոսյանից եւ Հռիփսիմե Խուրշուդյանից:
Եթե մենք լրիվ դատարկ գայինք, ես կընդունեի այս մեղադրանքները: Հռիփսիմեն բարձր պահեց հայկական ծանրամարտի պատիվը, բայց նա ումո՞վ դարձավ մեդալակիր` ինձնով, այ էս տղով, Գագիկ Ծառուկյանով: Կանչեք Հռիփսիմեին եւ հարցրեք` ինքնուրույն կարող էր գնալ եւ մեդալ բերել»,- նշեց Սամվել Խաչատրյանը:
Հարցին, թե ինչ արձագանք է տվել ՀԱՕԿ-ի նախագահը հայ ծանրորդների անհաջող ելույթներին՝ Սամվել Խաչատրյանը պատասխանեց.
«Պարոն Ծառուկյանը սպորտի վարպետ է: Նա ինձանից բացատրություն ուզեց, բայց շատ լավ հասկացավ, որ սա ուղղակի ձախողում էր: Այսօր հայկական ծանրամարտը շատ լավ վիճակում է, եթե չհաշվենք Օլիմպիական խաղերը: Ունենք հիմնական թիմ, բայց կան մարդիկ, որոնցից սպասելիքներ չունենք եւ չունեինք նաեւ Օլիմպիական խաղերում: Օրինակ` Արա Խաչատրյանից ինչ սպասեմ, ավագ Տիգրան Մարտիրոսյանից ինչ սպասեմ, նա 30 տարեկան է:
Օլիմպիական խաղերի արդյունքները գնահատում եմ նորմալ: Պեկինի Խաղերին մենք չենք ունեցել արծաթե մեդալ, հիմա ունենք եւ ես դա համարում եմ ավելի լավ: Արծաթն ավելի լավ էք քան 10 հատ բրոնզը:
Նորայր Վարդանյանից էլ սպասելիքներ ունենք: Նա լավ մարզիկ է: Թող ոչ ոքի չթվա, թե նա ծանոթով է հայտնվել հավաքականում: Երբեւիցե ծանրամարտի ֆեդերացիայում ծանոթով մարդ չի հայտնվել: Գագիկ Ծառուկյանը երբեք ինձ չի ասել` այսինչին ընդգրկիր, սրա որդին է: Ամեն ինչ ընդունվում է ըստ բարձրացրած կիլոգրամների»:
NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե, հրաժարականի դեպքում, կա արդյոք ֆեդերացիայի նախագահի հարմար թեկնածու, Սամվել Խաչատրյանը նկատեց.
«Ինձ փոխարինող կլինի: Անփոխարինելի մարդ չկա: Բայց այս պահին ես փոխարինող չեմ տեսնում: Անփոխարինելի միայն Աստված է եւ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանը: Միայն Գագիկ Ծառուկյանը կարող է Գագիկ Ծառուկյանին փոխարինել: Ես չեմ եկել այստեղ որեւէ մեկին պաշտպանելու: Ուղղակի դարձել եմ ազգի թշնամի, բայց մեջքիս ունեմ 350 հատ մեդալ, կհանեմ կլցնեմ բոլորի դեմը: Բա ինձանից առաջ ինչի մեդալներ չկային… Ես ամեն ինչ անում եմ, որ ծանրամարտն ավելի զարգանա Հայաստանում»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.