13:37  ,  16 օգոստոսի, 2012

Սամվել Խաչատրյան. Առաքել Միրզոյանը հոգեբանական խնդիրներ ուներ

Առաքել Միրզոյանը վերջին տասը օրը հոգեբանական խնդիրներ ուներ: Նախավարժանքի ժամանակ Առաքելը մոտենում էր ծանրաձողին եւ չգիտեր, թե ինչ պետք է անել: Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին, կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

«Օգսեն Միրզոյանի տանը մարզադահլիճ կա: Ես օրական մի քանի անգամ գնացել եւ հետեւել եմ Առաքելի մարզումներին: Նա իմ աչքի առաջ պոկում վարժությունում գրանցել է 160 կգ, իսկ հրումում՝ 200 կգ: Ես էլ եմ համաձայն, որ առանձին մարզվելը սխալ էր, բայց դա ունեցավ իր հետեւանքը: Նա  առանձին ծրագրով է մարզվել, բայց օգտվել է բոլոր այն բաներից, ինչից օգտվել են մյուս ծանրորդները: Օգսեն Միրզոյանն իր որդուն մարզել է անհատական ծրագրով՝ դարձնելով Եվրոպայի չեմպիոն: Ես ինչպե՞ս արգելեի Օգսենին իր որդուն առանձին մարզել:

Առաքել Միրզոյանի քաշ գցելը նախնական համաձայնություն էր: Առաջարկը եղել է Օգսեն Միզրոյանի կողմից: 77 կգ-ն Առաքելի համար արհեստական քաշ էր: Նա ասաց, որ ցանկանում է իջնել 69 կգ քաշային կարգ, քանի որ 77 կգ քաշային կարգում ունենք Տիգրան Մարտիրոսյան: Ես նրան ասացի, եթե նա այդքան քաշ գցի, մեդալի համար մեզ առնվազն պետք է 155 կգ ծանրաձողի քաշ:

Առաքել Միրզոյանի վերջին տասը օրը հոգեբանական խնդիրներ կային: Նախավարժանքի ժամանակ նա մոտենում էր ծանրաձողին եւ չգիտեր՝ ինչ պետք է անել»,- ասաց Սամվել Խաչատրյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե իմանալով Առաքելի խնդրի մասին, ինչպես եք թույլ տվել բարձրանա օլիմպիական մրցահարթակ, Սամվել Խաչատրյանը պատասխանեց.

«Ինչ անեի, ասեի մի մոտեցիր… Ինձ այդ մասին, որ նա խնդիր ուներ, ասել են մրցումներից հետո: Ես իմ վատը չեմ ուզենա երբեք, եւ եթե նախապես իմանայի, որ նա նման խնդիր ունի, այլ ծանրորդի կհայտավորեինք: Ինձ այդ մասին Օգսենը մրցումներից հետո է ասել: Կրկնում եմ՝ եթե իմանայի նախապես, թույլ չէի տա»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով