11:37  +04,  18 հունիսի, 2018

ԱԱ-2018. Եվրոպական հաղթարշավն ու ֆավորիտների ֆիասկոն (ֆոտո)

Դիտարժան հանդիպումներ, գեղեցիկ գոլեր, սենսացիաներ եւ հայտնություններ, եվրոպական հավաքականների հաղթարշավ եւ ֆավորիտների ֆիասկո. ահա թե ինչով են հիշվել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության երրորդ եւ չորրորդ օրերը: Բայց ամեն ինչ հերթով:

Այն, որ եվրոպական թիմերը, որպես կանոն, ավելի կազմակերպված են խաղային առումով, հայտնի էր նաեւ աշխարհի առաջնությունից առաջ, բայց Եվրոպայի հավաքականների բացահայտ գերազանցությունն ու Լատինական Ամերիկայի լավագույն թիմերի անօգնական տեսքն անսպասելի էր:

Առաջնության ֆավորիտներից մեկը համարվող Ֆրանսիայի հավաքականն այնքան էլ վստահ ու տպավորիչ չմեկնարկեց, սակայն Դեշամի գլխավորած թիմը կարողացավ «իր» 3 միավորը վաստակել ավստրալացիների հետ պայքարում՝ 2:1:

Արգենտինա - Իսլանդիա: Մեսիի եւ ընկերների դեմ պայքարում Եվրո-2016-ում աղմուկ արած եւ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր առաջին անգամ նվաճած Իսլանդիայի հավաքականի հաջողությանը հավատում էին թերեւս միայն այդ երկրի մոտ 334 հազար բնակիչները: Բացի այդ, Մեսիից ակնկալում էին համարժեք պատասխան Ռոնալդուի մենահամերգին, որը պորտուգալացին մատուցեց Իսպանիայի հավաքականի հետ խաղում:

Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չստացվեց արգենտանիցների համար, որոնք բախվեցին «Սիցիլիական պաշտպանության» իսլանդական ռիմեյքին: Ագուերոյի արագ գոլից հետո էլ Իսլանդիայի հավաքականն առաջ էր տանում իր գիծը եւ մի քանի րոպե անց խփեց պատասխան գոլը՝ 1:1:

Ամուր սկանդինավների երկշերտ, երբեմն եռաշերտ պաշտպանությունը տեխնիկապես հզոր եւ բարձրակարգ արգենտինացիների բոլոր ջանքերը զրոյացնում էր: «Բարսելոնայի» առաջատար Մեսին, որին հսկում էին մի քանի ֆուտբոլիստներով, գրեթե չկարողացավ դուրս գալ մրցակցի վերահսկողությունից:

Երկար տառապանքներից հետո Արգենտինան ստացավ հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի շանս, սակայն Մեսին նույնիսկ 11 մետրանոցից չկարողացավ հաղթող դուրս գալ Իսլանդիայի հավաքականի հերոս դարպասապահ, համատեղությամբ կինոռեժիսոր Հանես Հալդորսոնի հետ մենամարտում: Ռեժիսորն, ի դեպ, աշխարհի առաջնությունից առաջ տպավորիչ տեսահոլովակ է նկարահանել Coca Cola-ի համար:

Արգենտինայի հետ ոչ ոքին կա, վիկինգների լեգենդար ֆուտբոլային ռազմաշունչ վանկարկման իսկական ժամանակն է:

Ֆուտբոլային երեկոն շարունակեցին Պերուի եւ Դանիայի հավաքականները: Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի երկրորդ դիմակայությունում Դանիայի հավաքականը խաղաց ավելի հաշվենկատ, օգտագործեց քիչ պահերից մեկը եւ հաղթեց նվազագույն հաշվով:

Աշխարհի առաջնության երրորդ խաղային օրը փակեցին Խորվաթիայի եւ Նիգերիայի հավաքականները: Ֆավորիտ էին համարվում խորվաթները: Մոդրիչը, Ռակիտիչը եւ ընկերները ավելի բարձր կարգի շնորհիվ հաղթեցին անզիջում եւ արագաշարժ նիգերիացիներին՝ ամեն խաղակեսում խփելով մեկական գոլ՝ 2:0:

Հաջորդ խաղային օրվա առաջին հանդիպումը վստահ անցկացրեց Սերբիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով հաղթեց անշուք տպավորություն թողած Կոստա Ռիկայի թիմին: Մլադեն Կրստաիչի ղեկավարած թիմում հավաքվել են բարձրակարգ կատարողներ (սերբերը տաղանդների պակաս երբեք չեն ունեցել), սակայն խաղից գոլ խփել նրանց այդպես էլ չհաջողվեց: Սերբիային հաղթանակ բերեց Ալեքսանդր Կոլարովի փայլուն գոլը տուգանայինից:

Աշխարհի առաջնության մեկնարկային հատվածի գլխավոր սենսացիան մատուցեց Մեքսիկայի հավաքականը, որը կարողացավ ընդհատել եվրոպական հավաքականների անպարտելի շարքը Ռուսաստանում: «Ացտեկները» 1:0 հաշվով պարտության մատնեցին չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Գերմանիայի հավաքականին:

Յոահիմ Լյովի գլխավորած թիմն ունի ակնհայտ խնդիրներ: Բունդեսթիմում սերնդափոխությունը ցավոտ է անցնում: Մեքսիկացիները շատ վտանգավոր եւ մտածված էին հակագրոհում՝ ամեն անգամ անգործ թողնելով գերմանացի մրցակիցներին: Օսորիոյի գլխավորած թիմի առավելության ու գերմանացիների` անհաջող դասավորվող խաղի ընթացքը փոխելու անկարողության արտացոլումը լուսատախտակին էր: Իսկ Իրվին Լոսանոյի հաղթական գոլը Մեքսիկայում թեթեւ երկրաշարժ արեց: Ուրախանալուց պետք է մեքսիկացիների նման ուրախանալ:

Արգենտինայի եւ Գերմանիայի անհաջողություններից հետո պայքարի մեջ մտան գլխավոր ֆավորիտներից բրազիլացիները, որոնք Ռուսաստան են բերել իսկապես աստղային կազմ: Տիտեի թիմը շատ ակտիվ սկսեց եւ արդեն 20-րդ րոպեին բացեց հաշիվը: Գոլով ավարտվեց հեռու տարածությունից Կոուտինյոյի շքեղ հարվածը:

Գոլից հետո բրազիլացիներն անսպասելիորեն հրաժարվեցին հարձակողական խաղից եւ առավելությունը մեծացնելուց: Սուր գրոհները պակասեցին: Իսկ շվեյցարացիներն, օգտվելով դրանից, սկսեցին ավելի ակտիվ գործել եւ երկրորդ խաղակեսի սկզբում անկյունայինի խաղարկումից հետո վերականգնեցին հավասարությունը՝ 1:1:

Վերջնամասում Բրազիլիան` վնասվածքից հետո լավագույն մարզավիճակն առայժմ չվերականգնած Նեյմարի գլխավորությամբ, փորձեց կորզել հաղթանակ (երկու դրվագներում շվեյցարացիները հրաշքով փրկվեցին գոլից), սակայն դա միանշանակ այն չէր, ինչ սպասում էին «պենտակամպեոններից», որոնք շատերի կարծիքով Ռուսաստան են եկել 6-րդ տիտղոսի հետեւից:

Առաջնության ընթացքը հույս է տալիս, որ Ռուսաստանում անցկացվող մունդիալը կարող է դառնալ պատմության մեջ լավագույններից մեկը: Շարունակեք հետևել քառամյակի գլխավոր ֆուտբոլային մրցաշարի ընթացքին և վայելել ԱԱ-2018-ի գլխավոր իրադարձությունները` մեզ հետ միասին:

Սամվել Սուքիասյան

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ