Չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրումներ ունեցա պարգեւատրման արարարողության ժամանակ: Անասելի ուրախություն էր, երբ հնչեց մեր հիմնը, բարձրացավ դրոշը, մեր պարագայում՝ երկու դրոշ: Հաղթանակիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ Հակոբ Սերոբյանին, Հայկ Նազարյանին, Արտակ Այդինյանին, Սոս Սարգսյանին: Առանձնահատուկ շնորհակալ եմ Արթուր Դավթյանին, որն այսօր բոլորիս շատ մեծ աջակցություն ցույց տվեց: Նրա մեծ ներդրումը կա այս հաղթանակում, որովհետեւ նրա փորձը մեզ սովորեցնում է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոտերդամից ասաց աշխարհի նորընծա չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանը:
Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում փայլուն կատարումով նվաճեց տիտղոսը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց 15.300 միավոր:
Համլետ, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ են պատում քեզ այս պահին:
Շնորհակալամ եմ շնորհավորանքի համար: Անչափ ուրախ եմ: Ուրախությունս կրկնապատիկ է, քանի որ պատվո հարթակին կանգնած էի իմ ընկերոջ, թիմակից Մամիկոն Խաչատրյանի հետ, եւ միասին մենք բարձրացրինք Հայաստանի դրոշը:
Հավատո՞ւմ էիր, որ այս աշխարհի առաջնությունում կհաղթես:
Ես եւ Մամիկոնն աշխարհի առաջնությանը եկել էինք մեր լավագույնն անելու: Աստծո կամքով ստացվեց մեզ մոտ, երկուսս էլ կարողացանք մեր լավագույն ձեւով հանդես գալ, լավ կատարել մեր վարժությունը:
Նախորդ աշխարհի առաջնությունը վատ ստացվեց ինձ համար, 4-րդ տեղը գրավեցի իմ սխալի պատճառով: Այս մեկ տարվա ընթացքում շատ աշխատեցինք եւ այսօր կարողացա լավ կատարել իմ վարժությունը, որի համար շնորհակալ եմ իմ մարզիչներին:
Ի՞նչ ապրումներ ունեցար, երբ լուսատախտակին կարդացիր միավորներդ եւ հասկացար, որ առաջ ես բոլորից:
Շատ մեծ ուրախություն էր: Անհավատալի ուրախություն էր, քանի որ յուրաքանչյուր մրցման մեկնում ենք լավագույն մարզավիճակում, մարզիչների հետ շատ մեծ աշխատանք կատարած եւ առավելագույնս պատրաստված: Այդ պահին ուրախությունս առավել էր, երբ հասկացա, որ պատվո հարթակը կիսելու եմ ընկերոջս հետ: Դա լրիվ այլ զգացողություն է, երբ պատվո հարթակին կանգնում ես ընկերոջդ հետ: Այդպես մենք կիսել էինք Եվրոպայի առաջնության պատվո հարթակը, այս անգամ էլ աշխարհի առաջնությունն էր: Երբ տարիներ շարունակ նույն մարզադահլիճում մարզվում եք միասին եւ ստացվում է այնպես, որ խոշոր մրցաշարում միասին մեդալ եք նվաճում, բառերով հնարավոր չի բացատրել, թե որքան մեծ երջանկություն է: Այս առումով իմ հաղթանակի ուրախությունը կրկնակի դարձավ: Այսօր մեր օրն էր:
Խոսքումդ հիշատակեցիր նախորդ տարվա անհաջող փորձդ աշխարհի առաջնությունում: Ի՞նչ մտքեր ունեիր եզրափակիչից առաջ:
Մրցակիցներին արդեն գիտեի, աշխարհի 8 ուժեղագույն մարզիկների միջեւ պետք է վիճարկվեր տիտղոսը: Որեւէ մեկին չէի թերագնահատում, բոլորն էլ շատ ուժեղ էին եւ պատրաստ էին մեդալ նվաճել, չեմպիոն դառնալ: Մրցակցությունը մեծ էր: Եզրափակիչից առաջ փորձում էի չկենտրոնանալ եւ չլարվել, այլ խնդիր էի դրել իմ առջեւ՝ լավագույն ձեւով կատարել վարժությունս եւ ամենակարեւորը՝ մաքուր: Երկրորդ տեղի համեմատ ես հաղթեցի հենց մաքրության հաշվին, քանի որ մեր բարդությունները հավասար էին:
Դու մրցահարթակ դուրս եկար այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին իրենց մրցելույթները: Լարվածություն կա՞ր:
Վերջինն էի մոտենում եւ արդեն կային բարձր գնահատականներ: Լարվածություն կար. աշխարհի առաջնության եզրափակիչ էր: Կարողացա հաղթահարել լարվածությունս, այդ պահին ինձ տրամադրել: Դժվար է վերջինը մասնակցել, բայց այդ պահին ավելի շատ տրամադրվում ենք մեր վարժությունը լավ կատարելու վրա:
Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ քո պատվին հնչեց Հայաստանի հիմնը աշխարհի առաջնությունում:
Անբացատրելի, աննկարագրելի զգացողություններ էին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրումներ ունեցա այդ պահին: Անասելի ուրախություն է, երբ հնչում է մեր հիմնը, բարձրանում է դրոշը, մեր պարագայում՝ երկու դրոշ բարձրացավ աշխարհի առաջնությունում:
Պարգեւատրման արարողության ժամանակ թեւնոց էիր կրում: Առանձնահատուկ նշանակություն ունի՞:
Պարգեւատրման ժամանակ կրում էի եղբորս նվիրած խաչով թեւնոց: Թալիսմաններ չեմ կրում, միայն խաչ եմ կրում, որովհետեւ ինձ խաչն է ուժ տալիս: Այս հաղթանակը Աստծո շնորհիվ է, մեր հավատն է մեզ օգնում հաջողություններ գրանցել: Բայց հավատն առանց գործի անուժ է: Աշխատանքն ու հավատը փոխկապակցված են եւ երկուսն էլ պետք է լինեն: Հավատն ու Աստծո կամքն էր, որ դարձա աշխարհի չեմպիոն:
Հավատում եմ, որ նախորդ տարվա իմ անհաջողությունը պատահական չէր, այդպես պետք է լիներ, որ այս անգամ հաղթեի: Բարին էր դա: Անցած տարի շատ ցավալի էր ինձ համար, որ իմ սխալի պատճառով պարտվեցի եւ հաջորդ մեկ տարվա ընթացքում կարողացա հաղթահարել եւ լավ հանդես գալ այսօր: Եվ այդ հավատը ինձ բերեց այս հաղթանակին:
Հաղթանակիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ Հակոբ Սերոբյանին, Հայկ Նազարյանին, Արտակ Այդինյանին, Սոս Սարսգյանին: Ծնողներիս եմ շնորհակալ, իմ ընտանիքին, ընկերներիս, ավագ ընկերներիս-թիմակիցներիս, որովհետեւ նրանք մեզ շատ են օգնում: Առանձնահատուկ կնշեմ Արթուր Դավթյանին, որն այսօր բոլորիս շատ մեծ աջակցություն ցույց տվեց: Նրա մեծ ներդրումը կա այս հաղթանակում, որովհետեւ նրա փորձը մեզ սովորեցնում է, ցույց է տալիս, թե ինչպես պետք է պայքարել բարձր արդյունքների համար: Նրան նայելով՝ փորձում ենք ընդօրինակել:
Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր ինձ հավատացել են: Ես էլ եմ ինձ հավատացել ինձ շրջապատող մարդկանց հետ միասին:
Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:
Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին, բոլորին, որոնք իրենց չնչին լուման են ունեցել այս հաղթանակի մեջ: Առանձնահատուկ այս հաղթանակը նվիրում եմ հայ զինվորներին, որովհետեւ առանց նրանց մենք չենք կարող այստեղ լինել, մրցաշարերի մասնացկել եւ Հայաստանի դրոշը բարձրացնել:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի