15:44  ,  24 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 11-րդը Սաուդյան Արաբիայի հավաքականն է։

Սաուդյան Արաբիան աշխարհի առաջնություններին մասնակցել է 5 անգամ, առաջինը՝ 1994-ին: «Մունդիալներում» թիմը լավագույն արդյունքը գրանցել է հենց առաջին փորձի ժամանակ՝ հասնելով 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվել է Շվեդիայի հավաքականին։

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Սաուդյան Արաբիայի հավաքականը նախ հաղթեց որակավորման առաջին փուլի A խմբում (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Պաղեստին, Մալայզիա, Արեւելյան Թիմոր), իսկ հետո խմբում (Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա, ԱՄԷ, Իրաք, Թաիլանդ) երկրորդ տեղը գրավեց նաեւ երկրորդ փուլում եւ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Սաուդյան Արաբիան ընդգրկվել է A խմբում, որտեղ կխաղա Ռուսաստանի (հունիսի 14, Մոսկվա, բացման խաղ), Ուրուգվայի (հունիսի 20, Ռոստով) եւ Եգիպտոսի (հունիսի 25, Վոլգոգրադ) հավաքականների հետ: Սաուդյան Արաբիան խմբի ընդգծված հետնապահն է եւ քիչ շանսեր ունի փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում։

Մարզիչը

Սաուդյան Արաբիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Բերտ վան Մարվեյկի գլխավորությամբ, սակայն ընտրական փուլի վերջում հոլանդացի մասնագետը որոշեց չերկարաձգել պայմանագիրը եւ հեռացավ թիմից՝ շուտով գլխավորելով Ավստրալիայի հավաքականը։

ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունից մեկ շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորեց արգենտինացի մասնագետ Խուան Անտոնիո Պիցին, որը դրանից առաջ մեկ տարի աշխատել է նաեւ Չիլիի հավաքականում եւ դարձել 2016թ․ Ամերիկայի գավաթակիր։ Նրա նախաձեռնությամբ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցություն էր սկսել իսպանական Լա Լիգայի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի 9 ֆուտբոլիստներ նախորդ տարի տեղափոխվեցին իսպանական Պրիմերայի ու Սեգունդայի ակումբներ, որտեղ դեռ չեն արդարացնում սպասելիքները։ Մասնագետների կարծիքով՝ Անտոնիո Պիցին պատրաստել է այնպիսի թիմ, որին հաղթելն այնքան էլ հեշտ չի լինելու ԱԱ-2018-ում։

Թիմի նախնական հայտացուցակը ԱԱ-2018-ում

 

Բուքմեյքերների կարծիքը

Սաուդյան Արաբիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 1000 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 10 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները՝ ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամա, Մարոկկո, Կոստա Ռիկա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում