09:09  ,  13 ապրիլի, 2018

«Յուրգորդենի» գլխավոր մարզիչը՝ Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին

Շվեդական «Յուրգորդենի» գլխավոր մարզիչ Օզկան Մելկեմիչելը խոսել է թիմի նորեկ Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

«Վնասվածքի հետեւանքով Մովսիսյանի ոտքն այտուցվել է, նա մարզվել է անհատական ծրագրով: Բժիշկների հետ զրուցելուց հետո հայտնի կդառնա, թե կկարողանա՞ Յուրան մեզ օգնել ԱԻԿ-ի դեմ խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է fotbolldirekt.se-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին 30-ամյա Մովսիսյանը մեկ խաղակես էր անցկացրել «Յուրգորդենի» երիտասարդական թիմի կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: Նա դեռ նորամուտը չի նշել գլխավոր թիմում: 

Շվեդիայի առաջնությունում «Յուրգորդենը» հաջորդ խաղն անցկացնելու է ապրիլի 15-ին՝ մրցելով ԱԻԿ-ի հետ:

Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չի հայտավորվել։

Հայ հարձակվողի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում