16:48  ,  16 հունվարի, 2018

Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը դեռ որոշում չի կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ այդ գործարքը կախված է հայ ֆուտբոլիստի որոշումից:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսիս Սանչեսին ձեռք կբերի այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը կհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»: Հենրիխը դեռ որոշում չի կայացրել: Նա կընտրի այն տարբերակը, որը լավագույնն է իր համար: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրն ավարտվում է 2.5 տարուց: Նա անձամբ պետք է որոշում կայացնի:

Ալեքսիս Սանչեսը կլինի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքի մի մասին: Այլ տարբերակ չկա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է The Times-ը:

ԱՎելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ալեքսիս Սանչեսն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում: Այժմ ակումբն ու խաղացողը սպասում են, թե երբ հայ կիսապաշտպանը կպայմանավորվի «Արսենալի» հետ:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ Լոնդոնի «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Ալեքսիս Սանչեսի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում