10:37  ,  6 հոկտեմբերի, 2017

Ռոբերտ Լեւանդովսկի. Հայերն ունեցան մեկ պահ եւ գոլ խփեցին

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը 6:1 հաշվով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Լեւանդովսկին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

«Ուրախ եմ, որ հավաքականում ռեկորդ սահմանեցի մինչեւ 30 տարեկան: Կշարունակեմ գոլեր խփել: Ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ կարողացանք լավ սկսել խաղը: Մենք հաղթեցինք բարդ խաղադաշտում: Հանդիպման հենց սկզբից ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել եւ խփել գոլեր:

Երկրորդ խաղակեսի մեկնարկային 10 րոպեներին ինքներս էինք խնդիրներ ստեղծում մեզ համար, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Վերլուծել էինք նախորդ խաղերում թույլ տված սխալները եւ ենթադրություններ արել: Գիտեինք, թե ինչը պետք է լավացնել: Հայերն ունեցան մեկ պահ եւ գոլ խփեցին: Երբեմն պետք է կանխել նման պահերը»,- լեհ հարձակվողի խոսքը մեջբերում է Polsatem Sport-ը:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած խաղում հեթ-տրիկից հետո 29-ամյա Լեւանդովսկին ազգային թիմում գոլերի քանակը հասցրեց 50-ի եւ դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Վլոդզիմեժ Լյուբանսկուն, որը Լեհաստանի հավաքականում խփել է 48 գոլ:

Ռոբերտ Լեւանդովսկին Լեհաստանի հավաքականում նորամուտը նշել է 2009-ին եւ մինչեւ օրս անցկացրել է 90 հանդիպում: Լեհերը Երեւանում Հայաստանի հավաքականին հաղթեցին 6:1 հաշվով:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով