10:37 6 հոկտեմբերի, 2017Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը 6:1 հաշվով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Լեւանդովսկին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
«Ուրախ եմ, որ հավաքականում ռեկորդ սահմանեցի մինչեւ 30 տարեկան: Կշարունակեմ գոլեր խփել: Ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ կարողացանք լավ սկսել խաղը: Մենք հաղթեցինք բարդ խաղադաշտում: Հանդիպման հենց սկզբից ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել եւ խփել գոլեր:
Երկրորդ խաղակեսի մեկնարկային 10 րոպեներին ինքներս էինք խնդիրներ ստեղծում մեզ համար, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Վերլուծել էինք նախորդ խաղերում թույլ տված սխալները եւ ենթադրություններ արել: Գիտեինք, թե ինչը պետք է լավացնել: Հայերն ունեցան մեկ պահ եւ գոլ խփեցին: Երբեմն պետք է կանխել նման պահերը»,- լեհ հարձակվողի խոսքը մեջբերում է Polsatem Sport-ը:
Հիշեցնենք, որ Երեւանում կայացած խաղում հեթ-տրիկից հետո 29-ամյա Լեւանդովսկին ազգային թիմում գոլերի քանակը հասցրեց 50-ի եւ դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Վլոդզիմեժ Լյուբանսկուն, որը Լեհաստանի հավաքականում խփել է 48 գոլ:
Ռոբերտ Լեւանդովսկին Լեհաստանի հավաքականում նորամուտը նշել է 2009-ին եւ մինչեւ օրս անցկացրել է 90 հանդիպում: Լեհերը Երեւանում Հայաստանի հավաքականին հաղթեցին 6:1 հաշվով:
Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.