17:54  ,  4 հոկտեմբերի, 2017

Արթուր Պետրոսյան. Տղաները չունեն մոտիվացիայի կարիք

Տղաները չունեն մոտիվացիայի կարիք: Լեհաստանի հավաքականի դեմ խաղալն արդեն մոտիվացիա է:

Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, որը Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսեց լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին:

«Պաշտպանությունում խնդիրներ միշտ ունենում ենք: Պետք է լրացնել բացերը: Եթե մեկը չկա, նրան փոխարինողը պետք է օգտագործի իր շանսը եւ օգնի թիմին: Ես նախընտրում եմ 4 պաշտպաններով սխեման, սակայն տակտիկան ընտրում ենք ըստ մրցակցի:

Ռոբերտ Լեւանդովսկուն հսկելը շատ բարդ է: Սակայն, եթե ցանկանում ենք դրական արդյունքի հասնել վաղվա խաղում, պետք է լուծենք այդ խնդիրը: Եթե լինի փոխօգնություն, այդ դեպքում ինչ-որ բան կստացվի:

Այս պահին կենտրոնացած եմ առաջիկա 2 խաղերի վրա, իսկ դրանից հետո նոր որոշում կկայացնեմ հավաքականում իմ ապագայի հարցով: Տղաները չունեն մոտիվացիայի կարիք, քանի որ Լեհաստանի հավաքականի դեմ խաղալն արդեն մոտիվացիա է:

Ես չեմ մտածում Ազգերի լիգայի մասին, քանի որ դեռ մեկ տարի ժամանակ ունենք: Եթե հաղթենք լեհերին, դա կլինի լավ արդյունք: Նրանց թիմը շատ ուժեղ է հիմա, ամենաուժեղը՝ վերջին տարիներին»,- նշեց Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով