22:22  ,  4 սեպտեմբերի, 2017

Արթուր Պետրոսյան. Կարծում եմ՝ արժանի չէինք այսպիսի հաշվով պարտության

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսում մեկնաբանեց աշխարհի առաջնության ընտրական խաղում դանիացիներից կրած 1:4 հաշվով տնային պարտությունը:

«Կարծում եմ՝ արժանի չէինք այսպիսի հաշվով պարտության, բայց հաշիվը կա եւ պետք է ընդունել այն, ինչ կա: Խաղը լավ սկսեցինք, բայց պատրաստ չէինք ու չէինք կարողանում պայքարել բարձրից եկած գնդակների համար, քանի որ մրցակցի խաղացողները շատ բարձրահասակ էին եւ խաղում էին շատ հասարակ ֆուտբոլ: Առաջին գոլը մեր սխալից էր: Պետք է ավելի ուշադիր լինել: Շատ հանգիստ թույլ տվեցինք, որ մրցակիցը հավասարեցնի հաշիվը: Հետո նորից երկրորդ սխալը, որը բերեց տուգանայինի եւ գոլի: Մենք պատրաստ էինք այս խաղին, բայց, ցավոք, շատ անտեղի սխալների պատճառով գոլ բաց թողեցինք:

Մեր դարպասպահն արդեն 31 տարեկան է եւ փորձել ինչ-որ բան ուղղել, երեւի, արդեն ուշ է: Մելիքսեթյանը պետք է փորձի եւ ամեն ինչ անի, որ գնդակը մնա դաշտում: Բոլորին ասել էինք, որ գնդակը չբարձրացնեին, քանի որ մրցակցի կազմում կան բարձրահասակ խաղացողներ: Բարձրից եկած բոլոր գնդակները բաժին էր հասնում մրցակցին: Դա արդեն ակումբում աշխատանքի հետեւանքն է: Իմանալավ այդ խնդրի մասին՝ ակումբում այդ հարցով պետք է ավելի շատ աշխատեն, քանի որ մենք հավաքականում ունենք ընդամենը 4 օր: Այդ ընթացքում հնարավոր չէ փոխել ինչ-որ բան՝ հատկապես, երբ հարցը տեխնիկական է եւ կապված է տեխնիկայի հետ:

Այսօր մեր խաղում ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր: Արագ գրոհների ժամանակ կամ փոխանցումը տեղ չէր հասնում կամ, երբ գնդակ ես ընդունում, այն միանգամից հայտնվում է մրցակցի մոտ, եւ գրոհ զարգացնելը շատ բարդ է: Երբ հոգնածության ֆոնի վրա անցկանցում ես երկրորդ խաղը, եւ անընդհատ լինում է գնդակի կորուստ ու ամբողջ թիմում ստիպված ես լինում հետ վազել, գալիս է մի ժամանակ, երբ ուժդ չի բավականացնում: Արաս Օզբիլիսին դաշտ դուրս բերեցինք հենց այդ պատճառով, որպեսզի գնդակ ընդունի, փոխանցումներ կատարի եւ հարվածի տուգանայինի մատույցներից: Կարծում եմ՝ դա չհաջողվեց:

Փոխանցումների տեխնիկան պետք է սովորեցնել մանուկ տարիքից ու ավելացնել ակումբներում: Հավաքականում քիչ ժամանակ կա այդ ուղղությամբ աշխատելու համար եւ դա բավական չէ: Կկրկնեմ, շատ խանգարեց տեխնիկական խոտանը: Մենք շատ շուտ անտեղի գնդակ էինք կորցում, իսկ դա մեծ խնդիր է Դանիայի պես բարձրակարգ թիմի դեմ խաղում: Ինչ վերաբերում է մրցակցի բարձրահասակ խաղացողներին, ապա եթե ճիշտ կազմակերպեինք մեր դիրքային խաղը, այսպիսի խնդիրների առաջ չէինք կանգնի: Դեպի մեր տուգանային հրապարակ նրանց բարձրից փոխանցումների 97-98 տոկոսը նորմալ է եղել, իսկ մնացած 2-3 տոկոսի ժամանակ մենք չհասցրեցինք ճիշտ դիրք ընտել տակտիկական սխալների պատճառով:

Չեմ կարծում, որ մեկնարկային կազմի հարցում սխալվել ենք: Ունենք այն, ինչ ունենք: Պաշտպանությունում այլ հնարավորություններ չունեինք, իսկ կիսապաշտպանությունում չեմ կարծում, որ Ռուսլան Կորյանին խաղացնելը սխալ էր: Ըստ ինձ՝ Ռուսլանն անցկացրեց շատ լավ խաղ: Սարգիս Ադամյանին խաղացնելը եւս ճիշտ էր Տիգրան Բարսեղյանի հոգնածության ֆոնի վրա: Նա եւս բավական մեծ աշխատանք կատարեց: Արտակ Եդիգարյանն ու Արտակ Գրիգորյանը եւս մեծ աշխատանք կատարեցին: Եդիգարյանն ավելի շատ գնակով էր եւ, կարծում եմ, շատ հետաքրքիր ֆուտբոլ խաղաց: Այնպես որ, այլ հնարավորություններ էլ չունեինք: Ցավալի է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք կատարում: Գաել Անդոնյանն էլ խաղն ավարտեց ցավերով: Ես հարցրեցի Գաելին, եւ նա ասաց, որ կկարողանա խաղալ մինչեւ վերջ, այդ պատճառով փոխարինեցինք Կորյանին:

Այսօր գրեթե Ռումինիայի դեմ խաղի սխեման էր, միակ տարբերությունը Ռուսլան Կորյանի առաջխաղացումն էր»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով