21:53  ,  4 սեպտեմբերի, 2017

ԱԱ-2018. Հայաստանի թիմը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ զրկվեց ուղեգիր նվաճելու շանսից (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում եւ վերջնականապես զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից:

8-րդ տուրում Արթուր Պետրոսյանի թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց դանիացիներին եւ պարտվեց 1:4 հաշվով:

Նախորդ երեք տնային խաղերում հաղթանակ տարած Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը եւ առաջին րոպեին կարող էր բացել հաշիվը: Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի կենտրոնական հատվածից մեն-մենակ դուրս եկավ դարպասապհի դեմ, սակայն դանդաղեց եւ կորցրեց իրական գոլային պահը:

Հայաստանի հավաքականը շարունակում էր գրոհել, իսկ 6-րդ րոպեին բացեց հաշիվը: Արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, որը հեռու տարածությունից շանս չտվեց մրցակցի դարպասապահին՝ 1:0:
Արթուր Պետրոսյանն ընտրել էր շատ ճկուն 5 պաշտպաններով խաղային սխեման, որը գրոհելիս դառնում էր ընդգծված 4-2-3-1:

Բաց թողած գոլից հետո դանիացիները չընկճվեցին եւ աստիճանաբար ստացան տարածքային առավելություն: Հյուրերը գնդակը վերահսկում էին մրցակցի կիսադաշտում, իսկ 14-րդ րոպեին խաղարկեցին վտանգավոր անկյունային հարված, որի ժամանակ Գրիգոր Մելիքսեթյանը Հայաստանի թիմին փրկեց գոլից:

2 րոպե անց արդեն Գրիգոր Մելիքսեթյանն էլ չկարողացավ փրկել դաշտի տերերին եւ հաշիվը հավասարվեց: Դանիայի հավաքականի պատասխան գոլը գլխի հարվածով խփեց գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին, որը մրցակցի դարպասի մոտ առանց հսկողության էր մնացել եզրից փոխանցում ստանալիս՝ 1:1:

Այդ գոլից հետո գրեթե ոչինչ չփոխվեց: Դանիացիները շարունակում էին վերահսկել գնդակը եւ երբեմն-երբեմն ստեղծում վտանգավոր պահեր, իսկ Հայաստանի հավաքականը խաղում էր ընդգծված երկրորդ համարով եւ հնարավորության դեպքում հակագրոհում:

25-րդ րոպեին եղավ 1 րոպեանոց դադար եւ ֆուտբոլիստները ջուր խմելուց հետո շարունակեցին պայքարը:

Քիչ անց դանիացիներն առաջ անցան հաշվի մեջ: 29-րդ րոպեին տուգանային հարվածն անթերի իրացրեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը՝ 1:2:

Հայաստանի թիմին ոչ մի կերպ չէր հաջողվում պատասխանել մրցակցին կամ գոնե ստեղծել վտանգավոր պահեր: 37-րդ րոպեին վնասվածքի պատճառով դաշտը լքեց Լեւոն Հայրապետյանը, որի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գագիկ Դաղբաշյանը:
Խաղակեսի վերջնամասում հայկական թիմը կարողացավ խաղը հեռացնել սեփական կիսադաշտից, բայց դանիացիների դարպասապահին անհանգստացնել չհաջողվեց: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը, որոնք սկզբնամասում անցկացրին մի քանի գրոհներ: Դանիացիները կարողացան հաղթահարել մեկնարկային ճնշումը եւ, վերցնելով գնդակը, սկսեցին դարձյալ վերահսկել այն: Հայաստանի հավաքականը պրեսինգի չէր դիմում մրցակցի կիսադաշտում՝ սպասելով իր շանսին: Ժամանակն անցնում էր, իսկ գոլային պահեր չկային: Հայաստանի հավաքականը չէր շտապում մեծ ուժերով նետվել առաջ, իսկ հյուրերը չէին ցանկանում ռիսկի դիմել: Երկրորդ խաղակեսի միջնամասում այնպիսի տպավորություն էր, կարծես լուսատախտակի հաշիվը ձեռնտու է 2 թիմերին էլ:

69-րդ րոպեին դարձյալ եղավ 1 րոպեանոց դադար, որից հետո Դանիայի թիմը 71-րդ րոպեին ունեցավ իրական գոլային պահ, սակայն Գրիգոր Մելիքսեթյանը հուսալի գործեց: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Արթուր Պետրոսյանի թիմին այդպես էլ չհաջողվեց լուրջ խնդիրներ առաջարկել Դանիայի հավաքականին, որը խփեց եւս երկու գոլ եւ առանց որեւէ դժվարության խաղը հասցրեց հաղթական ավարտի: 82-րդ րոպեին Թոմաս Դիլեյնին դարձավ դուբլի հեղինակ, իսկ ավելացված երրորդ րոպեին ձեւակերպեց հեթ-տրիկ՝ 4:1:

Խաղի ընթացքում երբեմն բարդ էր նկատել, թե որտեղ է Հայաստանի հավաքականի գլխավոր աստղ Հենրիխ Մխիթարյանը, որն իրեն բնորոշ վառ գործողություններով աչքի չընկավ, թեեւ կատարեց մեծ ծավալի աշխատանք:

Այս հաղթանակից հետո դանիացիները վաստակեցին 16 միավոր եւ հավասարվեցին E խմբի առաջատար Լեհաստանին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում կընդունի ղազախներին: Չեռնոգորիան 7 խաղից հետո ունի 13 միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ Երեւանում մրցելով Լեհաստանի հավաքականի հետ: Այդ խաղից 3 օր անց Արթուր Պետրոսյանի թիմը կհյուրընկալվի Ղազախստանի հավաքականին եւ կավարտի ելույթն ԱԱ-2018-ի ընտրական փուլում:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, 8-րդ տուր

Հայաստան - Դանիա՝ 1:4

Ռուսլան Կորյան, 6 - Թոմաս Դելեյնի, 16, 82, 90+3, Քրիստիան Էրիկսեն, 29

Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան (Գագիկ Դաղբաշյան, 38), Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Ռուսլան Կորյան (Արաս Օզբիլիս, 76), Սարգիս Ադամյան (Տիգրան Բարսեղյան, 58):

Դանիա. Կասպեր Շմեյխել, Հենրիկ Դաալսգարդ, Սիմոն Կյաեր, Անդրեաս Բիյելանդ, Իենս Լարսեն, Թոմաս Դելեյնի, Վիլիամ Կվիստ, Կրիստիան Էրիկսեն, Պիոնե Սիստո (Վիկտոր Ֆիշեր, 67), Անդրեաս Կորնելիուս (Լասե Շյոնե, 78), Նիկոլայ Յորգենսեն:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով