22:22 4 սեպտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսում մեկնաբանեց աշխարհի առաջնության ընտրական խաղում դանիացիներից կրած 1:4 հաշվով տնային պարտությունը:
«Կարծում եմ՝ արժանի չէինք այսպիսի հաշվով պարտության, բայց հաշիվը կա եւ պետք է ընդունել այն, ինչ կա: Խաղը լավ սկսեցինք, բայց պատրաստ չէինք ու չէինք կարողանում պայքարել բարձրից եկած գնդակների համար, քանի որ մրցակցի խաղացողները շատ բարձրահասակ էին եւ խաղում էին շատ հասարակ ֆուտբոլ: Առաջին գոլը մեր սխալից էր: Պետք է ավելի ուշադիր լինել: Շատ հանգիստ թույլ տվեցինք, որ մրցակիցը հավասարեցնի հաշիվը: Հետո նորից երկրորդ սխալը, որը բերեց տուգանայինի եւ գոլի: Մենք պատրաստ էինք այս խաղին, բայց, ցավոք, շատ անտեղի սխալների պատճառով գոլ բաց թողեցինք:
Մեր դարպասպահն արդեն 31 տարեկան է եւ փորձել ինչ-որ բան ուղղել, երեւի, արդեն ուշ է: Մելիքսեթյանը պետք է փորձի եւ ամեն ինչ անի, որ գնդակը մնա դաշտում: Բոլորին ասել էինք, որ գնդակը չբարձրացնեին, քանի որ մրցակցի կազմում կան բարձրահասակ խաղացողներ: Բարձրից եկած բոլոր գնդակները բաժին էր հասնում մրցակցին: Դա արդեն ակումբում աշխատանքի հետեւանքն է: Իմանալավ այդ խնդրի մասին՝ ակումբում այդ հարցով պետք է ավելի շատ աշխատեն, քանի որ մենք հավաքականում ունենք ընդամենը 4 օր: Այդ ընթացքում հնարավոր չէ փոխել ինչ-որ բան՝ հատկապես, երբ հարցը տեխնիկական է եւ կապված է տեխնիկայի հետ:
Այսօր մեր խաղում ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր: Արագ գրոհների ժամանակ կամ փոխանցումը տեղ չէր հասնում կամ, երբ գնդակ ես ընդունում, այն միանգամից հայտնվում է մրցակցի մոտ, եւ գրոհ զարգացնելը շատ բարդ է: Երբ հոգնածության ֆոնի վրա անցկանցում ես երկրորդ խաղը, եւ անընդհատ լինում է գնդակի կորուստ ու ամբողջ թիմում ստիպված ես լինում հետ վազել, գալիս է մի ժամանակ, երբ ուժդ չի բավականացնում: Արաս Օզբիլիսին դաշտ դուրս բերեցինք հենց այդ պատճառով, որպեսզի գնդակ ընդունի, փոխանցումներ կատարի եւ հարվածի տուգանայինի մատույցներից: Կարծում եմ՝ դա չհաջողվեց:
Փոխանցումների տեխնիկան պետք է սովորեցնել մանուկ տարիքից ու ավելացնել ակումբներում: Հավաքականում քիչ ժամանակ կա այդ ուղղությամբ աշխատելու համար եւ դա բավական չէ: Կկրկնեմ, շատ խանգարեց տեխնիկական խոտանը: Մենք շատ շուտ անտեղի գնդակ էինք կորցում, իսկ դա մեծ խնդիր է Դանիայի պես բարձրակարգ թիմի դեմ խաղում: Ինչ վերաբերում է մրցակցի բարձրահասակ խաղացողներին, ապա եթե ճիշտ կազմակերպեինք մեր դիրքային խաղը, այսպիսի խնդիրների առաջ չէինք կանգնի: Դեպի մեր տուգանային հրապարակ նրանց բարձրից փոխանցումների 97-98 տոկոսը նորմալ է եղել, իսկ մնացած 2-3 տոկոսի ժամանակ մենք չհասցրեցինք ճիշտ դիրք ընտել տակտիկական սխալների պատճառով:
Չեմ կարծում, որ մեկնարկային կազմի հարցում սխալվել ենք: Ունենք այն, ինչ ունենք: Պաշտպանությունում այլ հնարավորություններ չունեինք, իսկ կիսապաշտպանությունում չեմ կարծում, որ Ռուսլան Կորյանին խաղացնելը սխալ էր: Ըստ ինձ՝ Ռուսլանն անցկացրեց շատ լավ խաղ: Սարգիս Ադամյանին խաղացնելը եւս ճիշտ էր Տիգրան Բարսեղյանի հոգնածության ֆոնի վրա: Նա եւս բավական մեծ աշխատանք կատարեց: Արտակ Եդիգարյանն ու Արտակ Գրիգորյանը եւս մեծ աշխատանք կատարեցին: Եդիգարյանն ավելի շատ գնակով էր եւ, կարծում եմ, շատ հետաքրքիր ֆուտբոլ խաղաց: Այնպես որ, այլ հնարավորություններ էլ չունեինք: Ցավալի է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք կատարում: Գաել Անդոնյանն էլ խաղն ավարտեց ցավերով: Ես հարցրեցի Գաելին, եւ նա ասաց, որ կկարողանա խաղալ մինչեւ վերջ, այդ պատճառով փոխարինեցինք Կորյանին:
Այսօր գրեթե Ռումինիայի դեմ խաղի սխեման էր, միակ տարբերությունը Ռուսլան Կորյանի առաջխաղացումն էր»,- ասաց Արթուր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.