17:33  ,  3 նոյեմբերի, 2016

Արթուր Պետրոսյանը՝ Լոնդոնի «Արսենալից» ստացած առաջարկի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նոր պաշտոնում ներկայացվելուց հետո պատմել է, որ 1996 թվականին մոտ է եղել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հավելել է, որ տեղափոխությունը տեղի չի ունեցել հայկական կողմի ֆինանսական մեծ պահանջների պատճառով:

«Դա 1996-ին էր: Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից»: Պայմաններում նշված էր 5-ամսյա վարձավճար՝ գումարած 3 տարի: Առավոտյան նրանք իրենց առաջարկից հետ էին քաշվել: Այդքանը հաստատ գիտեմ: Մնացածը չեմ կարող ասել»,- նշել է Պետրոսյանը, որը ֆուտբոլային կարիերայի տարիներին  1992-2005-ը Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ավելի լավ գիտի այդ պատմությունը:

«Ես կպատասխանեմ այդ հարցին, քանի որ ավելի լավ եմ տեղյակ, քան Արթուրը: Իրականում, նման բան եղել է: Երբ ես դարձա ֆեդերացիայի նախագահ, պատահաբար իմ ձեռքն ընկան այդ հրավերքները: Բոլորդ գիտեք, որ Արթուրը մեկնել է փորձաշրջան անցնելու: Նա հաջող է անցել փորձաշրջանը եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարները, իրենց իրավունք վերապահելով, աստղաբաշխական թվեր էին պահանջել «Արսենալ» ակումբից: Եվ դա այն դեպքում, երբ մարզիչ Արսեն Վենգերը տվել էր իր համաձայնությունը: Սակայն գործարքը տեղի չէր ունեցել պահանջված մեծ թվերի պատճառով: Այո, նման բան եղել է: Մինչեւ հիմա էլ գրագրությունը կա ինձ մոտ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 1996-ին Արթուր Պետրոսյանը խաղում էր Գյումրիի «Շիրակում»: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում նրա օգնականները լինելու են ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը, որը շարունակելու է աշխատել նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվում»:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Նա Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին՝ Երեւանում կայանալիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում