17:33 3 նոյեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նոր պաշտոնում ներկայացվելուց հետո պատմել է, որ 1996 թվականին մոտ է եղել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հավելել է, որ տեղափոխությունը տեղի չի ունեցել հայկական կողմի ֆինանսական մեծ պահանջների պատճառով:
«Դա 1996-ին էր: Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից»: Պայմաններում նշված էր 5-ամսյա վարձավճար՝ գումարած 3 տարի: Առավոտյան նրանք իրենց առաջարկից հետ էին քաշվել: Այդքանը հաստատ գիտեմ: Մնացածը չեմ կարող ասել»,- նշել է Պետրոսյանը, որը ֆուտբոլային կարիերայի տարիներին 1992-2005-ը Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ավելի լավ գիտի այդ պատմությունը:
«Ես կպատասխանեմ այդ հարցին, քանի որ ավելի լավ եմ տեղյակ, քան Արթուրը: Իրականում, նման բան եղել է: Երբ ես դարձա ֆեդերացիայի նախագահ, պատահաբար իմ ձեռքն ընկան այդ հրավերքները: Բոլորդ գիտեք, որ Արթուրը մեկնել է փորձաշրջան անցնելու: Նա հաջող է անցել փորձաշրջանը եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարները, իրենց իրավունք վերապահելով, աստղաբաշխական թվեր էին պահանջել «Արսենալ» ակումբից: Եվ դա այն դեպքում, երբ մարզիչ Արսեն Վենգերը տվել էր իր համաձայնությունը: Սակայն գործարքը տեղի չէր ունեցել պահանջված մեծ թվերի պատճառով: Այո, նման բան եղել է: Մինչեւ հիմա էլ գրագրությունը կա ինձ մոտ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ 1996-ին Արթուր Պետրոսյանը խաղում էր Գյումրիի «Շիրակում»: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում նրա օգնականները լինելու են ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը, որը շարունակելու է աշխատել նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվում»:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Նա Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին՝ Երեւանում կայանալիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.