14:39  ,  6 մարտի, 2016

Եվգենի Պլյուշչենկոյի կյանքի պատմությունը. Լեգենդար չեմպիոնի բացառիկ հարցազրույցը NEWS.am Sport-ին (ֆոտո)

11 տարեկանում ծնողներիս ասացի, որ առանց գեղասահքի չեմ կարող ապրել եւ տեղափոխվեցի Պետերբուրգ միայնակ ապրելու: Մանկությունս շուտ ավարտվեց, 5-րդ դասարանում, Վոլգոգրադում եւ Պետերբուրգում սկսվեց իմ դաժան, դժվարություններով լի «մեծական» կյանքը: Եթե նորից ծնվեի, կանցնեի այս նույն ճանապարհը եւ նորից կընտրեի գեղասահքը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով Երեւանում ներկայացավ իր «Սառույցի թագավորները» մեծ շոուով:

Կրկնակի Օլիմպիական չեմպիոնը բացառիկ հարցազրույցում NEWS.am Sport-ի թղթակցին պատմել է իր կյանքի ուղու, խոչընդոտների, դժվարությունների, հաջողությունների, առաջին սիրո, ընտանիքի ու առաջիկա ծրագրերի մասին:

Եվգենի Պլուշչենկոյի հետ հազվադեպ է հաջողվում երկար զրուցել: Ձեր մարզական նվաճումներն անթիվ են, ազատ ժամանակը քիչ: Ինչպե՞ս է սկսվել Եվգենի Պլյուշչենկո լեգենդար գեղասահորդի մարզական կյանքը սառույցի վրա:

Չմուշկներով սառույցի վրա հայտնվելը, գեղասահքի ընտրությունը, ամեն ինչ եղել է շատ պատահական: Հիշում եմ՝ 4 տարեկանում ստացա անակնկալ նվեր՝ չմուշկներ: Այդ ժամանակ ապրում էինք Վոլգոգրադում: Մի օր ես ու մայրս սովորականի պես խանութ էինք գնում եւ ճանապարհին հանդիպեցինք նրա ընկերուհուն՝ իր աղջկա հետ: Նրա աղջիկը լացում էր եւ ասում էր, որ չի ցանկանում գնալ սահելու սառույցի վրա: Նա իր հետ ուներ գեղեցիկ չմուշկներ: Մորս ընկերուհին առաջարկեց այդ չմուշկները նվիրել ինձ՝ խորհուրդ տալով ինձ տանել սահելու: Ես մեծ ուրախությամբ ընդունեցի այդ նվերը: Մայրս անմիջապես ինձ հագցրեց այդ չմուշկները եւ ես սկսեցի ձյան վրա տոտիկ-տոտիկ քայլել: Մորս ընկերուհին, տեսնելով, որ ես ձյան վրա եմ քայլում այդ չմուշկներով, նկատողություն արեց մորս եւ խորհուրդ տվեց՝ ինձ տանել գեղասահքի մարզադպրոց, ընդունել գեղասահքի, քանի որ այդ շրջանում գեղասահքի մարզադպորցում ընդունելություն էր: Ընկերուհին նշեց, որ հատկապես տղա երեխաների մեծ սիրով կընդունեն: Մայրս, լսելով ընկերուհու խորհուրդը, ինձ տարավ գեղասահքի մարզադպրոց, այդպես ես պատահաբար սկսեցի զբաղվել գեղասահքով: Առաջին մարզիչս, երբ ինձ տեսավ, ասաց՝  «ինչ լավ աղջիկ է...» Ես այդ ժամանակ երկար մազեր ունեի: Ես շատ վիրավորվեցի մարզիչի այդ խոսքից:

Այդպես սկսվեցին իմ առաջին քայլերը գեղասահքում: Հենց սկզբից ինձ մոտ շատ լավ ստացվեց սահելը, ես արագ քայլերով հաջողություններ էի գրանցում սառույցի վրա, շուտ էի սովորում: Առաջին մարզումներից արդեն մի քանի օր անց ես մասնակցեցի իմ կյանքի առաջին մրցումներին: Մրցում էի այնպիսի երեխաների հետ, ովքեր մեկ, մեկուկես տարի արդեն մարզվում էին: Առաջին մրցմանը 15 երեխաների մեջ գրավեցի 7-րդ տեղը: Դա հիանալի արդյունք էր մի քանի օր մարզվող երեխայի համար: Այդպես ես սիրեցի գեղասահքը, սիրում էի սահել, սիրում էի սովորել, բարդ վարժություններ կատարել: Ինձ դուր էր գալիս այդ ամբողջ գործընթացը:

Իսկ ուսման մեջ ի՞նչ հաջողություններ եք ունեցել: Մարզումները չեն խանգարե՞լ դասերին:

Լավ սովորող երեխա եմ եղել: Մինչեւ 5-րդ դասարան գերազանցիկ եմ եղել: Դպրոց հաճախել եմ Վոլգոգրադում: Իմ գերազանց գնահատականների համար շնորհակալ եմ քրոջս: Նա իսկական գիտունիկ էր, սիրում էր ուսումը, ամբողջ օրը կարդում էր, սովորում: Սպորտ չէր սիրում, նրան միայն հետաքրքրում էր կրթությունը: Հիշում եմ՝ ինչպես ամեն երեկո մարզումներից հետո գալիս էի տուն եւ նրա հետ դասերս սովորում, նա ինձ օգնում էր, բացատրում, սովորեցենում, իսկ արդյունքում՝ գնահատականներս գերազանց էին լինում: Մարզումները չէին խանգարում լավ սովորելուն:

Ինչո՞ւ մինչեւ 5-րդ դասարան:

Մանկությունս շուտ ավարտվեց, 5-րդ դասարանում, Վոլգոգրադում: 6-րդ դասարանից ես դուրս եկա դպրոցից, Վոլգոգրադից տեղափոխվեցի Սանկտ Պետերբուրգ, քանի որ Վոլգոգրադի գեղասահքի մարզադպորցը փակեցին, քանդեցին եւ տեղում պահեստ սարքեցին: 11 տարեկանում ես առանց ծնողների տեղափոխվեցի Պիտեր եւ սկսվեց իմ դաժան, դժվարություններով լի «մեծական» կյանքը: Այդ տարիքից ես ծանոթացա կյանքի դժվարություններին. ինքնուրույն եփել, լվացք անել, արդուկել, միայնակ ապրել մեծ քաղաքում, տրանսպորտ նստել, մետրոյով երթեւեկել:

Եվ այդ ամենը գեղասահքի համար, որպեսզի չդադարեցնեի մարզումներս: Հենց այդ տարիքում Վոլգոգրադից հեռանալիս ես որոշեցի, որ ցանկանում են դառնալ մեծ գեղասահորդ, գեղասահքն իմ կյանքն է լինելու: Ծնողներս մեծ դժվարությամբ ընդունեցին քաղաքից միայնակ հեռանալու որոշումս, բայց այդ պահին ես ուրիշ ելք չունեի, ցանկանում էի մարզվել, իսկ պայմաններ չկային մեր քաղաքում:

Մենք Վոլգոգրադում վատ չէինք ապրում, բնակարան ունեինք, ապրուստի միջոցը կար, այդ քաղաքի համար դա նորմալ կյանք էր: Բայց Պետերբուրգի հետ համեմատելու չէր, դրանք երկու տարբեր կյանքի մակարդակներ էին: Այն, ինչով ապրում էինք Վոլգոգրադում, մեզ չէր բավականացնի Պիտերում, այդ պատճառով ես որոշեցի, որ առանց ընտանիքի կտեղափոխվեմ Պիտեր:

Չնայած 11 տարեկանը դեռ փոքր տարիք է սեփական որոշում կայացնելու համար, բայց ես, լինելով երեխա, ունեի իմ խոսքը մեր ընտանիքում: Իսկ ծնողներս ինձ լսում էին: Ես նրանց ասացի, որ առանց գեղասահքի չեմ կարող ապրել, եւ ես պետք է գնամ: Այդ տարիքում արդեն ես հիանալի կարիերա էի սկսել: 11 տարեկանում ես արդեն մարզվում էի երիտասարդների հետ՝ 17-18 տարեկան գեղասահորդների հետ: Շատերին նաեւ զայրացնում էի իմ հաջողություններով:

1.5 տարի անց ինձ մոտ տեղափոխվեց մայրս: Սենյակ վարձեցինք, օրը 24 ժամ հարբեցողներ, օղու շշեր, աղմուկ, ոստիկանություն: Բայց հանուն գեղասահքի ես ամեն ինչի հետ համակերպվում էի: Չեմ ափսոսում, հիշելու բաներ շատ ունեմ: Ինչ էի հիշելու, եթե ամեն ինչ հարթ ու քաղցր լիներ:

Հանուն գեղասահքի այդքան դժվարությունների միջով եք անցել: Ի՞նչ զգացողություններ է Ձեզ պատում սահելիս, ինչո՞վ է պատասխանել Ձեզ գեղասահքը այդ նվիրվածության դիմաց:

Պատասխանն այն է, ինչ ես հիմա ունեմ, իմ ձեռքբերումները, իմ ապրումները: Այժմ արդեն գեղասահքն իմ աշխատանքն է: Ես յուրաքանչյուր ելույթին դուրս եմ գալիս մեծ սիրով, նվիրումով, յուրաքանչյուր ելույթի մեջ հոգի եմ դնում, կյանք, սեր ու պատասխան ստանում աննկարագրելի հույզեր, զգացողություններ: Ամեն անգամ երբ դուրս եմ գալիս սահադաշտ, ինձ լիովին նվիրում եմ սառույցին, սահքին, տալիս եմ մեծ էներգիա, հույզեր, ապրում եմ այդ մի քանի րոպեն, նվիրվում մինչեւ վերջին կաթիլը:

Ելույթից հետո մի տեսակ դատարկություն եմ զգում, ասես դատարկված լինեմ: Բայց դա ինձ հաճելի է, այդպես պետք է լինի: Բայց դրան զուգահեռ հանդիսատեսից վերցնում եմ մեծ էներգիա, ապրումներ: Իսկ դատարկությունս լցնում եմ քնով, միայնության մեջ: Փորձում եմ միայնակ մնալ, երեխաներիցս էլ եմ կտրվում մի քանի ժամով եւ այդպես վերականգնվում եմ:

Իսկ ինչպե՞ս եք համատեղում սպորտն ու ընտանիքը: Սպորտը չի՞ խանգարում համերաշխ ընտանեկան կյանքին:

Իհարկե, ոչ: Երբեք չի խանգարել ու այժմ էլ չի խանգարում: Սպորտն իմ աշխատանքն է, իսկ ընտանիքս իմ աշխարհն է: Ես այժմ հիմնականում ցուցադրական ելույթներ եմ ունենում, այնպես, ինչպես երեւանյան «Սառույցների թագավորը» շոուն, եւ կինս հաճախ ուղեկցում է ինձ շրջագայությունների ժամանակ:

Ընտանիքը չի խանդո՞ւմ սպորտին:

Խանդ մինչ օրս չեմ զգացել: Նրանք հասկանում են, որ սա իմ աշխատանքն է: Բայց ինձ չեմ կորցնում այդ աշխատանքի մեջ, փորձում եմ շատ ժամանակ անցկացնել կնոջս, երեխաներիս հետ, միասին մեկնում ենք հանգստի տարբեր երկրներ: Մեր ընտանիքը արդեն բավական մեծ է՝ 14, 13 եւ 10 տարեկան են ավագ երեխաներս,  իսկ չորրորդը դեռ փոքր է՝ 3 տարեկան:

Առաջին անգամ ե՞րբ եք սիրահարվել:

(Ծիծաղում է): Այս պահին չեմ հիշում, բայց մանկապարտեզում եմ երեւի սիրահարվել առաջին անգամ: Ինձ միշտ դուր են եկել աղջիկները, սիրել եմ նրանց հետ շփվել, սովորաբար տարբեր տարիքի աղջիկներ էին ինձ դուրս գալիս: Բայց հիշեցի առաջին սերս... Նատաշա Կուզնեցովան էր: Վոլգոգրադում մենք սահում էինք նույն խմբում, միասին մարզվում էինք: Ընկերություն էինք անում, ձեռք ձեռքի բռնած գնում-գալիս էինք, իսկ մամաները՝ մեր հետեւից: Ես այդ ժամանակ 5 տարեկան էի եւ ինձ համար դա լուրջ սեր էր:

Ի՞նչ կասեք գեղասահքի ներկայի մասին, ի՞նչն է Ձեզ դուրս գալիս, ի՞նչը՝ ոչ: Ի՞նչ կասեք հայ գեղասահորդների մասին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ գեղասահորդների մեջ:

Այժմ ես քիչ եմ հետեւում գեղասահքի մրցումներին, գրեթե չեմ նայում հեռուստացույցով: Միայն խոշոր մրցաշարերին եմ հետեւում՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Օրինակ՝ այժմ սպասում եմ Բոստոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Գեղասահքով զբաղվելու, այս մարզաձեւը զարգացնելու համար յուրաքանչյուր երկրին, քաղաքին անհրաժեշտ են սահադաշտեր: Ես գիտեմ, որ սահադաշտի խնդիր ունի Հայաստանը: Հայ գեղասահորդներից ճանաչում եմ Անաստասիա Գալուստյանին: Նա մարզվում է Մոսկվայում: Ճիշտ է՝ Մոսկվայի պայմանները շատ լավն են, մենք ունենք տասնյակ սահադաշտեր, բայց ճիշտ չէ, որ հայ  մարզիկը, Հայաստանը ներկայանցող գեղասահորդը մարզվում է այլ երկրում:

Կարելի է մարզվել նաեւ ԱՄՆ-ում, բայց դա ճիշտ չէ: Ամեն երկիր պետք է ունենա իր մարզադպրոցները: Օրինակ՝ ծնողը ցանկանում է իր երեխային տանել գեղասահքի, իսկ մարզադպրոցներ չկան, ի՞նչ է՝ պետք է տեղափոխվի Մոսկվա, կամ այլ քաղաք, որպեսզի հնարավորություն ունենա մարզվել այդ մարզաձեւով: Իսկ այդ սահադաշտերն այսօր այդքան էլ մեծ գումարների խնդիր չեն: Հայաստանում այս մարզաձեւը մեծ զարգացում կունենա, եթե ունենաք տասնյակ սահադաշտեր: Դուք իսկապես շատ տաղանդավոր ազգ եք, եւ ես մեծ սիրով կաշխատեմ հայ գեղասահորդների հետ, կօգնեմ նրանց, կսովորեցնեմ, դասընթացներ կանցկացնեմ:

Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում: Ե՞րբ մարզական ասպարեզ կվերադառնա մարզիկ Եվգենի Պլյուշչենկոն:

Առայժմ միայն ցուցադրական ելույթներ կունենամ: Առայժմ պետք է զբաղվեմ առողջությանս հարցերով: Մարտի 27-ին Իսրայելում կվիրահատվեմ, դրանից հետո նոր պարզ կլինի, թե ինչ ընթացք կունենա իմ մարզական կարիերան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կկարողանամ նորից մրցել, եւ եթե ցանկությունն էլ լինի, կշարունակեմ նվաճումների պայքարս գեղասահքում:

Եթե նորից ծնվեիք, գեղասահորդ կլինեի՞ք:

Մարզիկ կլինեի, կրկին մեծ սպորտում կլինեի եւ երեւի գեղասահորդ կլինեի: Կանցնեի այն նույն ճանապարհը, ինչով անցել եմ: Ես մանկուց սպորտում եմ եղել, սպորտային երեխա եմ եղել: Տարբեր մարզաձեւերով եմ զբաղվել: Ինձ մոտ ամեն ինչ ստացվում էր: Տարբեր մարզաձեւերով եմ զբաղվել՝ սեղանի թենիս, հոկեյ: Բայց վերջնական որոշումս կանգ առավ գեղասահքի վրա: Հիմա կրտսեր որդիս է իմ հետքերով գնում: Նրան տեսնելիս ինձ եմ հիշում. նա էլ է շատ շարժուն, ակտիվ երեխա է, նա էլ հաջողություն կունենա ցանկացած մարզաձեւում, այնպես ինչպես ինձ մոտ էր ստացվում:

Որ մարզաձեւն էլ ընտրեի, վստահ եմ, որ հաջողություն կունենայի: Բայց ընտրել եմ գեղասահքը եւ շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ գեղասահորդ եմ եւ համարում եմ, որ ընտրությունս ճիշտ է եղել:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով