18:52  +04,  24 օգոստոսի, 2015

Արամ Ավագյան. Երազանքս Օլիմպիական խաղերն են, ունեմ նաեւ պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու նպատակ

Բոլոր ուժերս կենտրոնացնելու եմ աշխարհի առաջնության վրա, որպեսզի օլիմպիական խաղերի հնարավորությունից չզրկվեմ: Եթե ամեն ինչ լավ ստացվի, Ռիո-2016-ը կլինի իմ կյանքի առաջին Օլիմպիական խաղերը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 56 կգ քաշային, Եվրոպայի 2012 թվականի փոխչեմպիոն Արամ Ավագյանը, ով օրերս Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնություն նվաճեց Հայաստանի միակ մեդալը: Արամ Ավագյանը Եվրոպայի բրոնզե մեդալով աշխարհի առաջնության իր ուղեգիրն է նաեւ ապահովել, որտեղ խաղարկվելու է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի վարկանիշ: Օգոստոսի 24-ից բռնցքամարտիկը կմեկնարկի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը:

Արամ, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից միայն քեզ հաջողվեց մեդալ նվաճել՝ բրոնզե: Գո՞հ ես քո արդյունքից:

Եվրոպայի առաջնությունում իմ արդյունքից գոհ եմ: Բրոնզե մեդալի համար մրցակիցս անգլիացի բռնցքամարտիկն էր, ում հետ նախկինում էլ հանդիպել եմ ռինգում: Մրցակիցս էլ ինձ արդեն ուսումնասիրած էր եւ ծանոթ իմ մարտավարությանը: Առաջին ռաունդում  չկարողացա գտնել նրա թույլ տեղը, քանի որ տեխնիկական եւ տակտիկական մարտավարության մեջ շատ փոփոխություններ էր կատարել: Առաջին ռաունդում պարտվեցի: Երկրորդ ռաունդում մենամարտն արդեն այլ ընթացք ստացավ եւ լարված պայքար սկսվեք: Երկրորդ ռաունդում մենամարտը հավասարվեց, բայց միեւնույն է, մրցավարների միավորները մրցակցիս էին գնացել: Երրորդ ռաունդում ես կարողացա լավ մենամարտ անցկացնել, տպավորիչ ռաունդ էր եւ առավելությունը միանշանակ իմն էր: Սակայն վերջնական արդյունքում 2:1 հաշվով հաղթանակը մրցակցինս էր, եւ ես բավարարվեցի բրոզե մեդալով:

Մրցավարության մասին ի՞նչ կասես:

Մրցավարական կողմնակալություն կոնկրետ իմ մենամարտերի ժամանակ չի եղել: Իմ մենամարտերը շատ արդար են եղել, մրցավարները արդար գտնվեցին: Յուրաքանչյուր ռաունդ, եթե առավելությունն իմն էր, հաղթանակը ինձ էին տալիս: Բայց ընդհանուր առմամբ կար անարդար մրցավարություն: Անարդար դատեցին  Արման Հովիկյանի եւ Հովհաննես Բաչկովի մենամարտերը:

Իսկ ի՞նչը խանգարեց ոսկե կամ արծաթե մեդալի համար պայքարելուն:

Բրոնզե մեդալ նվաճեցի արդար պայքարում: Գոհ եմ, որ մեդալ կարողացա նվաճեմ: Բայց ես չեմ կարող բավարարվել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալով: Այս անգամ ուժերս բրոնզի բավարարեցին: Ես շարունակելու եմ աշխատել, որպեսզի հաջորդ անգամ Եվրոպայի առաջնության մեդալը արծաթե կամ ոսկե լինի:

Դու նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցիր: Ի՞նչ ակնկալիքներ ունես աշխարհի առաջնությունից:

Սպասելիքներ միանշանակ կան, դա հույս է, որով առաջնորդվում է յուրաքանչյուր մարզիկ: Ես իմ բոլոր մրցակիցներին լավ ճանաչում եմ, գիտեմ՝ ով, ինչ հնարավորությունների տեր է: Չգիտեմ՝ ինչպես կլինի աշխարհի առաջնությունում, բայց ամեն դեպքում, առավելագույն լավ պետք է պատրաստվել, մնացածը ռինգը ցույց կտա: Մինչեւ Օլիմպիական խաղերը կա եւս երկու վարկանիշային մրցաշար  Թուրքիայում եւ Ադրբեջանում:

Հույս ունեմ, որ  մենք կկարողանանք աշխարհի առաջնությունում նվաճել օլիմպիական ուղեգիր եւ վարկանիշային մրցաշարերին մասնակցելու կարիք այլեւս չի լինի: Իսկ եթե աշխարհի առաջնությունում մեզ սպորտային հաջողությունը չժպտա, իհարկե պատրաստ կլինենք կռվել Արդբեջանում եւ Թուրքիայում: Երազանքս Օլիմպիական խաղերն են։

Ե՞րբ ես նախատեսում սիրողական բռնցքամարտից անցնել պրոֆեսիոնալ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մտնելու նպատակ ունեմ, բայց թե դա երբ կլինի, դեռ որոշված չէ: Դեռ Օլիմպիական խաղերն անցնենք, հետո նոր պարզ կլինի: Պետք է հասունանա այդ պահը, որ ես հասկանամ, որ այլեւս սիրողական բռնցքամարտում անելիք չունեմ եւ ժամանակն է բարձրանալ պրոֆեսիոնալ ռինգ:

Արամ, հնարավո՞ր է մարզական կարիերան համատեղել անձնական կյանքի հետ: Ընտանիք կազմելու ծրագրեր ունե՞ս:

Անձնական կյանքը եւ սպորտը անհամատեղելի են իրականում: Չի լինում երկու երնեկ մի տեղ: Ես ունեմ սիրած անձնավորություն եւ փորձում եմ հնարավորինս համատեղել այս երկուսը: Ընկերուհիս ինձ հասկանում է, կարելի է ասել՝ ինձ մոտ ստացվում է համատեղելը: Բայց ստացվում է այնքանով, որ իմ սիրած էակը սպորտի մեջ է, բռնցքամարտի մեջ է, հասկանում է ինձ, չի խանգարում, չի խանդում, չի դժգոհում, հակառակը՝ ամեն հարցում ինձ հասկանում է, աջակցում է: Այդ հարցով ես բախտավոր եմ, քանի որ ինչն իրականում անհամատեղելի է, ես կարողանում եմ համատեղել: Ես երազում եմ ընտանեկան կյանքի մասին՝ երեխաներով եւ անպայման սպորտում: Առանց բռնցքամարտի կյանքս չեմ պատկերացնում, մեկ օր չեմ ապրի: Հետագա կյանքս պատկերացնում եմ ընտանիքով եւ բռնցքամարտով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ