18:52 24 օգոստոսի, 2015Բոլոր ուժերս կենտրոնացնելու եմ աշխարհի առաջնության վրա, որպեսզի օլիմպիական խաղերի հնարավորությունից չզրկվեմ: Եթե ամեն ինչ լավ ստացվի, Ռիո-2016-ը կլինի իմ կյանքի առաջին Օլիմպիական խաղերը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 56 կգ քաշային, Եվրոպայի 2012 թվականի փոխչեմպիոն Արամ Ավագյանը, ով օրերս Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնություն նվաճեց Հայաստանի միակ մեդալը: Արամ Ավագյանը Եվրոպայի բրոնզե մեդալով աշխարհի առաջնության իր ուղեգիրն է նաեւ ապահովել, որտեղ խաղարկվելու է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի վարկանիշ: Օգոստոսի 24-ից բռնցքամարտիկը կմեկնարկի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը:
Արամ, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից միայն քեզ հաջողվեց մեդալ նվաճել՝ բրոնզե: Գո՞հ ես քո արդյունքից:
Եվրոպայի առաջնությունում իմ արդյունքից գոհ եմ: Բրոնզե մեդալի համար մրցակիցս անգլիացի բռնցքամարտիկն էր, ում հետ նախկինում էլ հանդիպել եմ ռինգում: Մրցակիցս էլ ինձ արդեն ուսումնասիրած էր եւ ծանոթ իմ մարտավարությանը: Առաջին ռաունդում չկարողացա գտնել նրա թույլ տեղը, քանի որ տեխնիկական եւ տակտիկական մարտավարության մեջ շատ փոփոխություններ էր կատարել: Առաջին ռաունդում պարտվեցի: Երկրորդ ռաունդում մենամարտն արդեն այլ ընթացք ստացավ եւ լարված պայքար սկսվեք: Երկրորդ ռաունդում մենամարտը հավասարվեց, բայց միեւնույն է, մրցավարների միավորները մրցակցիս էին գնացել: Երրորդ ռաունդում ես կարողացա լավ մենամարտ անցկացնել, տպավորիչ ռաունդ էր եւ առավելությունը միանշանակ իմն էր: Սակայն վերջնական արդյունքում 2:1 հաշվով հաղթանակը մրցակցինս էր, եւ ես բավարարվեցի բրոզե մեդալով:
Մրցավարության մասին ի՞նչ կասես:
Մրցավարական կողմնակալություն կոնկրետ իմ մենամարտերի ժամանակ չի եղել: Իմ մենամարտերը շատ արդար են եղել, մրցավարները արդար գտնվեցին: Յուրաքանչյուր ռաունդ, եթե առավելությունն իմն էր, հաղթանակը ինձ էին տալիս: Բայց ընդհանուր առմամբ կար անարդար մրցավարություն: Անարդար դատեցին Արման Հովիկյանի եւ Հովհաննես Բաչկովի մենամարտերը:
Իսկ ի՞նչը խանգարեց ոսկե կամ արծաթե մեդալի համար պայքարելուն:
Բրոնզե մեդալ նվաճեցի արդար պայքարում: Գոհ եմ, որ մեդալ կարողացա նվաճեմ: Բայց ես չեմ կարող բավարարվել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալով: Այս անգամ ուժերս բրոնզի բավարարեցին: Ես շարունակելու եմ աշխատել, որպեսզի հաջորդ անգամ Եվրոպայի առաջնության մեդալը արծաթե կամ ոսկե լինի:
Դու նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցիր: Ի՞նչ ակնկալիքներ ունես աշխարհի առաջնությունից:
Սպասելիքներ միանշանակ կան, դա հույս է, որով առաջնորդվում է յուրաքանչյուր մարզիկ: Ես իմ բոլոր մրցակիցներին լավ ճանաչում եմ, գիտեմ՝ ով, ինչ հնարավորությունների տեր է: Չգիտեմ՝ ինչպես կլինի աշխարհի առաջնությունում, բայց ամեն դեպքում, առավելագույն լավ պետք է պատրաստվել, մնացածը ռինգը ցույց կտա: Մինչեւ Օլիմպիական խաղերը կա եւս երկու վարկանիշային մրցաշար Թուրքիայում եւ Ադրբեջանում:
Հույս ունեմ, որ մենք կկարողանանք աշխարհի առաջնությունում նվաճել օլիմպիական ուղեգիր եւ վարկանիշային մրցաշարերին մասնակցելու կարիք այլեւս չի լինի: Իսկ եթե աշխարհի առաջնությունում մեզ սպորտային հաջողությունը չժպտա, իհարկե պատրաստ կլինենք կռվել Արդբեջանում եւ Թուրքիայում: Երազանքս Օլիմպիական խաղերն են։
Ե՞րբ ես նախատեսում սիրողական բռնցքամարտից անցնել պրոֆեսիոնալ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մտնելու նպատակ ունեմ, բայց թե դա երբ կլինի, դեռ որոշված չէ: Դեռ Օլիմպիական խաղերն անցնենք, հետո նոր պարզ կլինի: Պետք է հասունանա այդ պահը, որ ես հասկանամ, որ այլեւս սիրողական բռնցքամարտում անելիք չունեմ եւ ժամանակն է բարձրանալ պրոֆեսիոնալ ռինգ:
Արամ, հնարավո՞ր է մարզական կարիերան համատեղել անձնական կյանքի հետ: Ընտանիք կազմելու ծրագրեր ունե՞ս:
Անձնական կյանքը եւ սպորտը անհամատեղելի են իրականում: Չի լինում երկու երնեկ մի տեղ: Ես ունեմ սիրած անձնավորություն եւ փորձում եմ հնարավորինս համատեղել այս երկուսը: Ընկերուհիս ինձ հասկանում է, կարելի է ասել՝ ինձ մոտ ստացվում է համատեղելը: Բայց ստացվում է այնքանով, որ իմ սիրած էակը սպորտի մեջ է, բռնցքամարտի մեջ է, հասկանում է ինձ, չի խանգարում, չի խանդում, չի դժգոհում, հակառակը՝ ամեն հարցում ինձ հասկանում է, աջակցում է: Այդ հարցով ես բախտավոր եմ, քանի որ ինչն իրականում անհամատեղելի է, ես կարողանում եմ համատեղել: Ես երազում եմ ընտանեկան կյանքի մասին՝ երեխաներով եւ անպայման սպորտում: Առանց բռնցքամարտի կյանքս չեմ պատկերացնում, մեկ օր չեմ ապրի: Հետագա կյանքս պատկերացնում եմ ընտանիքով եւ բռնցքամարտով:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.