01:21  ,  29 ապրիլի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» դուրս թողեց «Բավարիային» եւ եզրափակիչում է

Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» ընդունեց Յուրգեն Կլոպի թիմին եւ պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում 0:2 հաշվով:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Հանդիպմանը հաշիվը 30-րդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ առաջ մղելով «Բավարիային»: Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին եւ 5 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 80-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերին գոլից փրկեց դարպասապահ Մանուել Նոյերը: 

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց: 11 մետրանոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրին հյուրերը:

Հենց առաջին հարվածի ժամանակ վրիպեց «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, որը բարձր հարվածեց: Դաշտի տերերի երկրորդ հարվածը եւս չստացվեց: Խաբի Ալոնսոն եւս բարձր հարվածեց: Մյունխենցիների երրորդ հարվածը կատարեց Մարիո Գյոտցեն, Միտչել Լանգերակը հետ մղեց: «Բավարիայի» չորրորդ հարվածին մոտեցավ դարպասապահ Մանուել Նոյերը եւ հորիզոնական դարպասաձողը փրկեց «Բորուսիային»:

Դորտմունդյան թիմի կազմում Գյունդոգանը եւ Կելը չվրիպեցին, Մատս Հումլեսը չկարողացավ գրավել Նոյերի դարպասը, սակայն չորրորդ հարվածի անհրաժեշտություն արդեն չեղավ:

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 1:1 (0:2)

Ռոբերտ Լեւանդովսկի, 30 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75

Հեռացում՝ Կեւին Կամպլ («Բորուսիա») 108, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում