01:20  ,  4 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին

Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Դրեզդենում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ երրորդ բունդեսլիգայում հանդես եկող Դրեզդենի «Դինամոյի» նկատմամբ: Հաշիվը բացեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 50-րդ րոպեին օգտվեց դաշտի տերերի պաշտպանի կոպիտ սխալից: Պաշտպանը փորձում էր հետ փոխանցում կատարել, սակայն գնդակը հայտնվեց Իմոբիլեի մոտ, որը մենակ դուրս եկավ դարպասապահ Պատրիկ Վիգերսի դեմ եւ գրավեց դարպասը: Իմոբիլեն աչքի ընկավ նաեւ վերջին րոպեին: Գոլային փոխանցում կատարեց Յակուբ Բլաշչիկովսկին:

«Բորուսիայի» հաղթանակին նպաստեց նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, որը մեկնարկային կազմում չէր, սակայն արդեն 24-րդ րոպեին փոխարինեց թիմի առաջատար Մարկո Ռոյսին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ եւ բժիշկների օգնությամբ լքեց խաղադաշտը:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Դինամո Դրեզդեն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2

Չիրո Իմոբիլե, 50, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս