00:35  ,  2 մարտի, 2012

Վիկ Դարչինյան. Մայք Թայսոնի հետ մենամարտից էլ չեմ հրաժարվի

Ճապոնացի բռնցքամարտիկ Շինսուկե Յամանակայի հետ WBC վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտից առաջ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը խոսել է առաջիկա մենամարտի մասին։

Doghouseboxing.com կայքին տված հարցազրույցում Դարչինյանը նշել է, թե ինչ պետք է լինի, որպեսզի ինքը հեռանա բռնցքամարտից։

«Մեծ անհամբերությամբ եմ սպասում Ճապոնիա մեկնելուն։ Ես շատ երկրպագուներ ունեմ այնտեղ եւ միշտ երազել եմ հանդես գալ Ճապոնիայում։ Ես ջանասիրաբար մարզվում եմ, որպեսզի գեղեցիկ շոու ցուցադրեմ իմ երկրպագուներին եւ արժանանամ WBC գոտուն։

Կարծում եմ՝ հիանալի մենամարտ է լինելու։ Ես հարգում եմ Յամանակային, քանի որ նա չի վախենում հանդիպել ինձ։

Նա կարող էր ավելի հեշտ մրցակից գտնել։ Երբ իմ մենեջերն ասաց, որ Ճապոնիայում մենամարտելու հնարավություն կա, ես չհավատացի, քանի որ ոչ ոք չէր փորձի ինձ հետ մենամարտում պահպանել չեմպիոնական գոտին։ Ես մենամարտեր դիտել եմ ճապոնացի բռնցքամարտիկների մասնակցությամբ։ Նրանք միշտ կռվում են մինչեւ վերջին վայրկյանը, ինչպես իսկական մարտիկները։ Դրա համար էլ Ճապոնիայում բռնցքամարտի մենամարտերը մեծ հետաքրքրույուն են առաջացնում մարդկանց մոտ»,- նշել է Վիկ Դարչինյանը։

Հայտնի բռնցքամարտիկը պատասխանել է բոլոր նրանց, ովքեր չեն հավատում, որ ինքը նախկինի պես ուժեղ մարտիկ է։

«Բռնցքամարտից ոչինչ չհասկացող մարդիկ բազմիցս հայտարարել են, որ Վիկ Դարչինյանը պարտությունից հետո պետք է հեռանար սպորտից։

Դոների հետ մենամարտից հետո բոլորն ասում էին, որ Վիկն այն տարիքում չէ, որ հանդես գա թեթեւագույն քաշային կարգում։ Սակայն ես անվիճելի չեմպիոն դարձա հենց այդ քաշում։ Ագբեկոյի հետ մենամարտից հետո էլ բոլորը նույնն էին ասում, որից հետո ես նոր տիտղոսներ նվաճեցի։ Հիմա, երբ ես պարտվեցի Մորենոյին, բոլորը սկսեցին խոսել իմ բռնցքամարտից հեռանալու մասին։

Ուզում եմ, որ առաջիկա մենամարտից հետո Յամանակային հարցնեն, թե որքանով է ճիշտ, որ Վիկ Դարչինյանն ավարտի կարիերան։ Պատրաստվում եմ եւս մեկ անգամ ապացուցել բոլորին, որ նրանք սխալվում են»,- հայտարարել է Դարչինյանը։

Վիկը նաեւ խոսել է մրցավարության, նոկաուտների եւ ռինգում մոտիվացիայի մասին։

Կարծում եմ՝ ես միշտ հաղթելու եմ նոկաուտով։ Ֆիլիպիններում կայացած մենամարտում ես 6-7 անգամ նոկդաունի ենթարկեցի Գերեսին, սակայն մենամարտը ոչ ոքի ավարտվեց։ Դա ուղղակի խայտառակություն էր։ Ես այսքան մարզվում եմ, որ միայն նոկաուտով հաղթեմ մրցակիցներիս։ Ես կարող եմ մենամարտել Մորենոյի պես. հարվածեմ եւ փախչեմ, սակայն մեր մարզաձեւի իմաստն այլ է։

Ես սիրում եմ մեծ մենամարտեր եւ ինձ համար միեւնույն է, թե ում հետ եմ հանդիպում ռինգում։ Եթե իմ մենեջերն ասի, որ պետք է մենամարտեմ Մայք Թայսոնի հետ, ես չեմ հրաժարվի։ 

Քանի դեռ հնարավորություն կա պայքարել չեմպիոնական գոտու համար, ես կռվելու եմ մինչեւ վերջին վայրկյանը։

Ինձ չի անհանգստացնում կողմնակալ մրցավարությունը, քանի ու միշտ ձգտում եմ հաղթել նոկաուտով։ Ես կհեռանամ բռնցքամարտից, երբ զգամ, որ չեմ կարողանում նոկաուտով հաղթանակ տանել։ Հիշեք, եթե դուք ինձանից լսեք, որ Վիկ Դարչինյանը ցանկանում է մենամարտը հաղթել միավորներով, ես հաջորդ իսկ օրը կհեռանամ բռնցքամարտից»,- ասել է հայ բռնցքամարտիկը։

«Ես ամենաբարդ մրցակիցն եմ ցանկացած մարտիկի համար։ Յամանական չի կարող հաղթել ինձ։ Ցավում  եմ նրա համար, քանի որ նույնիսկ ես չէի ցանկանա մենամարտել ինձ հետ։

Ես պետք է ապացուցեմ, որ Վիկ Դարչինյանը դեռեւս շատ բանի է ընդունակ ռինգում, որպեսզի մարդիկ այլեւս չկասկածեն իմ ուժերին։

Իմ հարվածների պես ուժեղ հարվածներ Յամանական դեռեւս չի ընդունել»,- հայտարարել է Վիկը։

Վիկ Դարչինյան - Շենսուկե Յամանակա մենամարտը կկայանա ապրիլի 6-ին Ճապոնիայում։ Այդ օրը կվիճարկվի թեթեւագույն քաշային կարգի WBC գոտին, որը պատկանում է ճապոնացի բռնցքամարտիկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով